Հայաստանն ինչո՞ւ ձեռք բերեց հենց այն պատվաստանյութը, որից եվրոպական մի շարք երկրներ հրաժարվել էին, հետո նորից ընդունել, որոշ երկրներ լրացուցիչ փորձաքննության էին ենթարկել AstraZeneca-ն:
Դավիթ Մելիք-Նուբարյան (հանրային առողջության մասնագետ) - Դադարեցրած երկրների ճնշող մեծամասնաւոթյունը վերսկսել է պատվաստումը: Եթե չեմ սխալվում, երկու երկիր կա, որ ուսումնասիրությունը չի ավարտել, և ևս երեք երկիր՝ մի քիչ փոփոխել է պատվաստման չափանիշները:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման մասնագետը պարզաբանում է. միջնորդ «Կովաքս Ֆասիլիթի» կազմակերպությունը, որի միջոցով Հայաստանը պատվաստանյութ է գնել, ի սկզբանե առաջարկել էր «Պֆայզեր» պատվաստանյութը, որի պահման պայմանները, պարզվել էր, մեր երկրին հարմար չեն: Հայաստանը չունի այնպիսի հնարավորություն, որ մինչև -70 աստիճան պայմաններով սառցե շղթա կարողանա ապահովել՝ պատվաստանյութն անվնաս պահելու համար: Եվ հետևաբար՝ այս պահին առաջարկվող պատվաստանյութերից մնացել էր «Աստրազենեկայի» տարբերակը:
Ռոմելլա Աբովյան (ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ) - Ինչ վերաբերում է «Աստրազենեկայի» խնդրահարույց լինելուն, ապա ասեմ, որ Եվրոպական դեղագործական կազմակերպությունը վերջին շրջանում բազմիցս ելույթ է ունեցել և նշել, որ պատվաստանյութը որևէ խնդիր չունի:
Արձագանքելով լուրերին, թե «Կովաքս Ֆասիլիթին» Հայաստանին պարտադրել է գնել «Աստրազենեկան», Ռոմելլա Աբովյանը պատասխանում է:
Ռոմելլա Աբովյան - նման բան չկա, «Կովաքս Ֆասիլիթիի» առաքելությունն է՝ առաջրակել երկրներին պատվաստանյութեր, և երկրները, ելնելով իրավիճակից ու հնարավորությունից, ձեռք են բերում այդ պատվաստանյութը: Ընդ որում՝ ասեմ, որ այնպես չէ, որ «Աստրազենեկան» շատ է, քիչ է, այդ պատճառով պատվաստումներն իրականացվելու են ռիսկի խմբերում:
Միայն Եվրամիության երկրներում արդեն 18 մլն դեղաչափից ավելի պատվաստում է իրականացվել «Աստրազենեկայով»: Տարածվածության առումով սա «Պփայզերից» հետո երկրորդն է: Մասնագետները մտահոգություն ունեն, որ Հայաստանում հանրային տրամադրությունների վրա մեծ ազդեցություն են գործում հակապատվաստումային արշավները:
Ռոմելլա Աբովյան - Մեր բնակչությունը առավել շատ տեղեկատվություն է վերցնում սոցցանցերից, որտեղ իրարամերժ և տարբեր մարդկանց կողմից հնչեցված կարծիքներ են, ինչի արդյունքում բավականին լուրջ խնդիրների առաջ ենք կանգնում:
Դավիթ Մելիք-Նուբարյան - Սա ինքնանպատակ չէ, որ առողջապահության նախարարությունը ուզում է պատվաստել: Ամենևին: Սա համավարակը հաղթահարելու երկարատև ճանապարհն է, ընդ որում՝ գործնականում միակ ճանապարհը: Մենք ունենք երկու տարբերակ. գնում ենք այդ ճանապարհով, հաղթահարում ենք համավարակը, վերադառնում ենք մոտ բնականոն կյանքին, վերաինտեգրվում ենք միջազգային հասարակությանը, կամ մենք շարունակում ենք ապրել ոնց որ հիմա ենք ապրում՝ շատ ծանր կորուստներով:
Առողջապահության ոլորտի մասնագետները համեմատականներ են անում օդանավերի ու պատվաստանյութի միջև: Եթե օդանավին թույլատրվել է թռչել, բոլորն էլ տոմս են գնում՝ անտեսելով հնարավոր ռիսկերը, որոնք իհարկե կան: Պատվաստանյութերի դեպքում, ասում են, առաջնորդվեք նույն սկզբունքով. դարձյալ ռիսկեր կան, բայց եթե այն թույլատրվել է կիրառել, ուրեմն կարող եք չվախենալ պատվաստումից: