Ողբում և հպարտանում ենք մեր քաջարի զինծառայողներով, որոնք կատարելով խնդիրը՝ նահատակվեցին հանուն Հայրենիքի՝ և՛ Ապրիլյան քառօրյայի, և՛ 44-օրյա պատերազմի ընթացքում: Այդ մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը:
«Իհարկե, եթե Ապրիլյանից դասեր քաղած չլինեինք, այս 44-օրյա հերոսամարտը այլ ելք կունենար և այլ ժամկետներում: Մենք կարող էինք ամբողջությամբ կորցնել Արցախը, և երկրորդ՝ դա կարող էր արվել 15-20 օրվա ընթացքում»,- ասաց Դավթյանը:
Նա նշեց, որ դասական իմաստով Ապրիլյան քառօրյան պատերազմ չէր, դրանք մարտական գործողություններ էին: «Հանրագիտարաններում տրված է «պատերազմի» բնորոշումը, կարդացե՛ք, հարցի պատասխանը կտրվի գիտությամբ»,- ասաց ԳՇ պետը:
Անդրադառնալով Գլխավոր շտաբի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նա նշեց, որ ԳՇ-ում իրավիճակը հանգուցալուծված է, շտաբը բնականոն աշխատում է, կատարում է խնդիրներ, որոնք դրված են շտաբի առջև:
Դավթյանը նշեց, որ տարածաշրջանում իրավիճակը բավականին լարված է:
«Սահմաններին հարաբերական կայունություն է, միջադեպեր, որպես այդպիսին, գրեթե չեն լինում, սակայն ընդհանուր լարվածությունը, որը կա, շարունակվում է և դա ազդեցություն է ունենում և՛ սահմանային ծառայության, և՛ ընդհանուր՝ մեր առօրյա կյանքի վրա»,- ասաց Արտակ Դավթյանը: