Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ՝ ներառյալ արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավարն ու անդամները, հանդես են եկել հակավրացական հայտարարությամբ: Նրանք Եվրամիությանը կոչ են արել սառեցնել Վրաստանին ֆինանսական օգնության հետագա հատկացումը կառավարության և ընդդիմության միջև քաղաքական երկխոսության փորձերի ձախողումից հետո՝ հայտնում է ТАСС-ը:
Վրաստանը ներքաղաքական ճգնաժամից դուրս բերելու գործընթացն իրականացվում է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի միջնորդությամբ: Սակայն դիվանագետի երկու փորձն էլ անցան ապարդյուն:
Պատգամավորները Վրաստանի իշխող կուսակցությունից պահանջել են ակտիվացնել ջանքերը ընտրական և դատական համակարգերը բարեփոխելու հարցում:
2021 թվականի ընթացքում Վրաստանը պետք է ԵՄ-ից ստանա մոտ 60 միլիոն եվրո մակրոֆինանսական օգնություն: Եվրոպական խորհրդարանը իրավասու չէ որոշումներ կայացնել օգնության ծրագրերի իրականացման վերաբերյալ, նրա ձայնն ունի միայն խորհրդակցական նշանակություն: Որոշումներն ընդունում են Եվրոպական հանձնաժողովն ու ԵՄ խորհուրդը: