Ատեստավորմամբ իրենց բարձր որակավորումը հաստատող ուսուցիչները նոյեմբերից 30-50 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ կստանան: Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Որ հնարավորություն տանք՝ ուսուցիչներն իրենց աշխատանքի վրա կենտրոնանան: Դրանից հետո էլ լավ աշխատանքի արդյունքում ուսուցիչները հնարավորություն կունենան միավորներ ավելացնել իրենց վարկանիշին, և ինչքան միավորները բարձրանան, այնքան աշխատավարձերը զուգահեռ կբարձրանան:
Վերանայվում է ուսուցիչներին վերաբերող քաղաքականությունը՝ ասում է ԿԳՄՍ փոխնախարարը, հավելում՝ առանց պատշաճ կադրերի՝ ոլորտի բոլոր գործընթացները կիսատ կմնան: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այդ նպատակով է ներդրվում ատեստավորման նոր համակարգ:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Դրանով նախատեսվում է, որ ուսուցիչները կկարողանան դիմել, մասնակցել իրենց դասավանդած առարկայի ուղղությամբ գործընթացի և իրենց թեստավորման արդյունքներից կախված ունենալ աշխատավարձի հավելավճար:
Ներկայումս վերապատրաստում անցած ուսուցիչները ներկայացնում են իրենց վկայականն ու մեխանիկորեն ատեստավորում: Իսկ նախատեսվող գործընթացով ուսուցչից պահանջվելու է նաև առարկայական գիտելիքների ստուգում:
Թեստի արդյունքով որոշվելու է հավելավճարի չափը: Եթե ուսուցիչը ցուցաբերի 90 % և ավելի արդյունք, իր աշխատավարձի 50%-ի չափով հավելավճար կունենա, 80% և ավելի արդյունքի դեպքում՝ 30% հավելավճար: 60%-ից ցածր արդյունքի դեպքում աշխատավարձը կպահպանվի, բայց պարտավոր կլինեն 1 տարվա ընթացքում նորից թեստավորվել:
Ժաննա Անդրեասյան - Այս տարի դիմելու հնարավորություն կունենան 7-12-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Գրականություն», «Մաթեմատիկա», Աշխարհագրություն» դասավանդող ուսուցիչները, հետագայում նաև մյուս առարկաների ու դասարանների ուսուցիչները:
Ատեստավորման գործընթացը առաջիկա 3 տարիներին կամավոր կլինի: Ուսուցիչների համար նախատեսված թեստերը մշակել է ԳԹԿ-ն: Դրանք շտեմարանային տարբերակով չեն լինի:
Ժաննա Անդրեասյան - Դրանք հիմնված են ծրագրային նյութի վրա, որը դպրոցում է, բայց, այնուամենայնիվ, տարբերվում է երեխաներին տրված թեստերից:
Ուսուցչի նվազագույն դրույքաչափը մեր երկրում 108.800 դրամ է: Սակայն մեկ դրույքը բաժանված է մի քանի մասնագետի միջև, ինչի պատճառով էլ վարձատրությունը ցածր է: Հայաստանում մանկավարժի 26 հազար դրույք կա, բայց ուսուցիչների թիվն անցնում է 37 հազարը: Ատեստավորումը, հույս ունեն նախարարությունում, որոշակիորեն կլուծի ցածր աշխատավարձի խնդիրը:
Ժաննա Անդրեասյան - Ներկայումս վարելու ենք այլ քաղաքականություն, որը հանարավորություն է տալու դաշտում գործող այլ կազմակերպությունների՝ դիմել երաշխավորվելու որպես ատեստավորման կազմակերպություն, այնուհետև ուսուցիչը կընտրի այն կազմակերպությունը, որտեղ ցանկանում է վերապատրաստվել:
Գերատեսչությունը նախատեսում է մայիսից սկսել դիմումների ընդունման գործընթացը: Բուն ատեստավորման պրոցեսը նախատեսված է սեպտեմբերին, իսկ նոյեմբերից ուսուցիչները հավելավճարի հնարավորություն կստանան: