Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում: Մարզային այցի շրջանակներում նախարարն այցելել է նոր կառուցվող Մարտունի բժշկական կենտրոն, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին՝ տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Մարզային առողջապահական համակարգի համաչափ զարգացման խնդիրը մշտապես գտնվում է ՀՀ կառավարության, նաև առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում: Այդ խնդրի լուծումն ապահովելու համար ԱՆ հետևողական քայլեր է ձեռնարկում` ուղղված մարզային բժշկական հաստատությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, բժշկական սարքավորումների արդիականացմանը և բժշկական օգնության որակի և մատչելիության բարձրացմանը:
Մասնավորապես, մարզային առողջապահական համակարգի արդիականացման ծրագրի շրջանակներում նախատեսվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցումը (շուրջ 4720 քմ) և հագեցումը ժամանակակից բժշկական սարքավորումներով։ Արդյունքում, 65 մահճակալ հզորությամբ նորակառույց բազմաֆունկցիոնալ կենտրոնը՝ միջազգային արդի բոլոր չափանիշներին համապատասխան, ախտորոշիչ և բուժական ստացիոնար ու ամբուլատոր ծառայություններ իրականացնելու լայն հնարավորություններով, սանավիացիայի համար նախատեսված վայրէջքուղիով (շուրջ 1225 քմ) կսպասարկի մարզի բնակչությանը։ Մարտունու բժշկական կենտրոնի համար կառուցվող նոր մասնաշենքը կսպասարկի Մարտունու, ինչպես նաև Վարդենիսի տարածաշրջանների բնակչությանը:
Շինհրապարակից հետո նախարարն այցելել է Վարդենիսի ԲԿ: Գեղարքունիքի մարզպետի ու Վարդենիսի քաղաքապետի հետ Անահիտ Ավանեսյանը քննարկել է Վարդենիսի ԲԿ-ի ու Գեղարքունիքի կայազորային հոսպիտալի միավորման հարցը: Աշխատանքային այցի շրջանակում նախարարը եղել է նաև «Սևանի հոգեկան առողջության կենտրոնում»` մասնագետների հետ քննարկել տեղի ընթացիկ խնդիրները:
Մարզի տարբեր բժշկական կենտրոններ այցից հետո մարզպետարանում նախարարը ամփոփել է օրը, ինչպես նաև գործընկերների հետ անդրադարձել հանրապետությունում իրականացվող իմունիզացիայի ծրագրին: