Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) ներկայացուցչության աշխատակիցները՝ իրավաբանական բաժնի ղեկավար Ումար Յախյաևը, ծրագրերի բաժնի ղեկավար Ալմազ Բուրկուտովը, իրավաբանական բաժնի օգնական, համայնքային հարցերով պատասխանատու Կարեն Խաչատրյանը, արտաքին կապերի պատասխանատու Անահիտ Հայրապետյանը և իրավաբանական բաժնի աշխատակից Աստղիկ Ղևոնդյանը, հյուրընկալվել էին Կոտայքի մարզպետարանում:
Այցի նպատակը վերջին պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված ու մարզում վերաբնակեցված քաղաքացիների հումանիտար աջակցության տրամադրման հասցեականությունը ուսումնասիրելը, մարզի և, մասնավորապես, հյուրընկալ համայնքների կարողությունները գնահատելը, նրանց աջակցելը և հետագա երկարաժամկետ ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերի հաջորդականությունը, ուղիները քննարկելն էր:
ՄԱԿ-ի ՓԳՀ կառույցի ներկայացուցիչները հետաքրքրվել են, թե հիմնականում որտեղ ու ինչ պայմաններում են բնակվում Արցախից տեղահանված քաղաքացիները, ինչ կարիքներ ունեն, և հյուրընկալ համայնքների բեռը թեթևացնելու նպատակով ինչ ծրագրերով պետք է աջակցել վերջիններիս:
Քննարկվել են մարզպետարանի հետ համատեղ աշխատանքների կազմակերպումը, հնչել են առաջարկներ, առանձնացվել են առաջնահերթություններ՝ կացարանների հզորացում, կենսաապահով միջոցների ստեղծում (աշխատանքի հնարավորություն), երեխաների կրթության և զարգացման բավարար պայմանների ապահովում: