Շվեյցարիայի դաշնային խորհրդի 33 պատգամավոր նամակով դիմել են երկրի կառավարությանը՝ հորդորելով ճնշում գործադրել Թուրքիայի վրա իր տարածքում, ինչպես նաև Հայաստանում, Սիրիայում, Լիբիայում և Իրաքում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների փաստերի կապակցությամբ:
Նրանք կոչ են արել երկրի կառավարությանը՝ հետաձգել Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին նոր համաձայնագիրը, քանի դեռ այդ երկիրը չի կատարել ՄԻԵԴ-ի որոշումները՝ տեղեկացնում է ANF News-ը:
Շվեյցարացի օրենսդիրներն արձանագրել են, որ ԼՂ վերջին պատերազմի ժամանակ Թուրքիան Ադրբեջան է ուղարկել վարձկանների, ինչը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է:
Նրանց գնահատմամբ՝ նմանօրինակ գործելաոճ Անկարան ցուցաբերել է նաև Լիբիայում:
«Մենք խորապես հավատացած ենք, որ Շվեյցարիայի մարդասիրական ավանդույթները և Համադաշնության կողմից պաշտպանության տակ առնված արժեքները կշարունակվեն»,- նշել են խորհրդարանականները՝ հույս հայտնելով, որ իրենց կոչը կհասնի հասցեատերերին: