Ռուսաստանը զգուշացրել է, որ Դոնբասում հակամարտության լուրջ սրումը կարող է «ոչնչացնել» Ուկրաինան: Հայտարարությունն արել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով ՆԱՏՕ-ի մտահոգությանը՝ Ուկրաինայի արևելքում սահմանի մոտ ռուսական զենքի մեծ կուտակումների կապակցությամբ՝ հայտնում է Reuters-ը:
Ռուսաստանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ Ուկրաինայի զինվորականների մեծ մասը հասկանում է Դոնբասում «թեժ հակամարտության» վտանգը:
«Ես հույս ունեմ, որ դա տեղի չի ունենա, քաղաքական գործիչները Արևմուտքի՝ ԱՄՆ-ի դրդմամբ չեն գնա այդ քայլին»,- ասել է Լավրովը և ավելացրել. «Ռուսաստանի նախագահ Պուտինի՝ ոչ վաղ անցյալում արված հայտարարությունն այսօր էլ արդիական է, «նրանք, ովքեր կփորձեն նոր պատերազմ սկսել Դոնբասում, կկործանեն Ուկրաինան»:
Սոցցանցերում տարածված չճշտված կադրերը վկայում են, որ Ռուսաստանը մեծ քանակությամբ տանկեր, զրահատեխնիկա և այլ սարքավորումներ է տեղափոխել Ուկրաինայի հետ սահմանակից շրջաններ, ինչպես նաև Ղրիմ:
Մոսկվան և Կիևը երկար ժամանակ միմյանց մեղադրում են Դոնբասի շուրջ խաղաղ գործարքը խափանելու համար: Հարաբերություններն էլ ավելի են սրվել «Հյուսիսային հոսք 2» գազատարի պատճառով, որը ռուսական գազը պետք է հասցնի Գերմանիա: Կիևն ու Վաշինգտոնը ցանկանում են խափանել այդ գազամուղի կառուցումը:
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ անհանգստացած է Ռուսաստանի ռազմական կուտակումից, և դաշինքի դեսպանները վերջերս հանդիպել են Դոնբասում տեղի ունեցած վերջին բախումը քննարկելու համար, որի ժամանակ ուկրաինական զորքերը կռվել են Ռուսաստանից աջակցություն ստացող ուժերի դեմ: Կիևի գնահատումներով՝ 2014 թվականից հակամարտության գոտում սպանվել է 14000 մարդ:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Ռուսաստանին մեղադրել է Դոնբասում և Ղրիմում անվտանգության իրավիճակը սրելու համար:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ ասել է, որ ռուսական զորքի կուտակումը «ոչ ոքի չպետք է անհանգստացնի, և դա ոչ ոքի չի սպառնում: Ռուսաստանը միջոցներ է ձեռնարկում սեփական սահմանների անվտանգությունն ապահովելու համար»: Կրեմլը պնդում է, որ միայն քաղաքական և հումանիտար աջակցություն է ցուցաբերում Դոնբասի մարտիկներին: