Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն «Նովոյե Վրեմյա» թերթի հետ հարցազրույցում նշել է, որ տարիների ընթացքում ռուս-հայկական համագործակցությունը ձեռք է բերել իրապես դաշնակցային բնույթ և առանձնանում է քաղաքական երկխոսության բարձր ինտենսիվությամբ:
«Ռուսաստանի Դաշնության ակտիվ միջնորդական ջանքերի և նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական մասնակցության շնորհիվ հնարավոր դարձավ դադարեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմը։ Այսօր ռուս խաղաղապահները տարածաշրջանում անվտանգության և կայունության երաշխավորն են։ Ռուսաստանը շուրջ 15 միլիոն ԱՄՆ դոլարի հումանիտար աջակցություն է տրամադրել պատերազմում տուժածներին օգնելու համար»,- նշել է Ռուդենկոն:
Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը մշտապես պատրաստ է կանգնել հայ ժողովրդի կողքին։ «Ռուսաստանը մինչ այժմ համարվում է Հայաստանում ամենախոշոր օտարերկրյա ներդրողներից մեկը: Հայկական կողմի տվյալներով՝ Ռուսաստանի համախառն ներդրումները 2020 թվականի երրորդ եռամսյակի դրությամբ գերազանցել են 2,1 միլիարդ ԱՄՆ դոլարը: Ռուսաստանը Հայաստանի առաջատար առևտրային գործընկերներից մեկն է: Ինտենսիվորեն զարգանում է նաև քաղաքական երկխոսությունը»,- ասել է փոխնախարարը:
Նա երկկողմ համագործակցության անբաժանելի մաս է անվանել նաև համատեղ փոխգործակցությունը ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ հարթակներում․ «Մենք մեր հայ և այլ գործընկերների հետ աշխատում ենք ընդհանուր շուկաների և բնակչության համար բարենպաստ միջավայրի ձևավորման ուղղությամբ»։
Խոսելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համատեքստում համագործակցության մասին՝ Ռուդենկոն նշել է, որ 2020-2021 թթ. Ռուսաստանը Հայաստանին է տրամադրել 50 հազար ախտորոշիչ թեստ-համակարգեր, ոչ կոնտակտային ջերմաչափեր, ինչպես նաև ավելի քան 2 հազար չափաբաժին պատվաստանյութ:
«Պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև ռուսական Sputnik V պատվաստանյութի մի քանի տասնյակ հազար չափաբաժին մատակարարելու վերաբերյալ»,- հավելել է փոխնախարարը: