ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստից հետո ասել է, որ այն լավ հնարավորություն էր՝ գնահատելու 30 տարիների աշխատանքն ու նախանշելու հետագա աշխատանքի ուղղությունները: ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ այս տարի կառույցը նշում է իր 30-ամյակը:
Լավրովը հայտնել է, որ արտաքին քաղաքականության տեսանկյունից կարևոր էր ԱՊՀ պետությունների ԱԳՆ-ների միջև համագործակցության ակտիվացման ծրագրի կատարման ընթացքի ուսումնասիրումը: Նա ասել է, որ այդ եռամյա ծրագիրն ընդունվել էր 2020 թ.՝ Թուրքմենստանի նախաձեռնությամբ:
«Պայմանավորվել ենք շարունակել համատեղ հայտարարությունների ընդունման փորձը՝ միջազգային կազմակերպություններում դրանք տարածելու նպատակով: Որպես թարմ օրինակ նշեմ մարտի 18-ին ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների ընդունած հայտարարությունը միջազգային իրավունքի ամրապնդման վերաբերյալ, որը մենք արդիական ենք համարում մի իրավիճակում, երբ որոշ արևմտյան երկրներ փորձում են միջազգային իրավունքը փոխարինել կանոնների վրա հիմնված ինչ-որ կարգերով»,- նշել է ՌԴ արտգործնախարարը:
Նա հայտարարել է, որ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում պայմանավորվածություն են ձեռք բերել կոորդինացնել քայլերը տարբեր միջազգային հարթակներում՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլն:
Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ապրիլի 2-ի նիստում հաստատել են հանցավոր եկամուտների լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, զանգվածային ոչնչացման զենքի տարածման հակազդման համաձայնագրի նախագիծը: «Ընդունել ենք նաև մի շարք որոշումներ ռազմական, հումանիտար ոլորտներում, այդ թվում՝ համագործակցություն երիտասարդական փոխանակումների, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտներում»,- հայտնել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Նա նաև հիշեցրել է, որ այս տարվա հունիսի 22-ին լրանում է Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի 80-րդ տարելիցը: Լավրովը հույս է հայտնել, որ ԱՊՀ անդամ երկրների ղեկավարները կհասցնեն մինչև հունիսի 22-ը ստորագրել այդ կապակցությամբ ԱԳ նախարարների խորհրդի համատեղ հայտարարությունը, որը կպատրաստվի առաջիկայում: