Դեպի Արցախ հումանիտար հասանելիության հարցն Ադրբեջանը քաղաքականացնում է՝ 2 օր առաջ հայտարարել էր Հայաստանի արտգործնախարարը և միջազգային գործընկերներին հորդորել հստակ արձագանք տալ: Արա Այվազյանը մասնավորապես արձանագրել էր՝ հրադադարից 5 ամիս անց ՄԱԿ-ը Արցախում մարդասիրական առաքելություն չի իրականացնում: «Լուրերը» ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից հետաքրքրվել է, թե ինչ ծրագրեր են նախատեսված պատերազմից հետո արցախահայության համար, և ինչ քայլեր են անում Արցախի տարածքում մարդասիրական գործունեություն ծավալելու համար:
«Համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի՝ ՄԱԿ-ը կարող է մտնել միայն այն տարածքներ, որոնք թույլատրել են ճանաչված կառավարությունները: Այս մուտքն ապահովելու աշխատանքն ինտենսիվորեն իրականացվում է: Ռազմական գործողությունների բռնկումից հետո ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը մեկնարկեց մարդասիրական աջակցության ծրագիր՝ գրասենյակի ազգային մանդատի շրջանակում Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված տասնյակ հազարավոր մարդկանց աջակցելու նպատակով»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը: