Ապրիլյան պատերազմից մոտ երեք տարի անց խորհրդարանում իրավունքի ուժով ձևավորված և մեկ տարի քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրմամբ զբաղված քննիչ հանձնաժողովի պատրաստած զեկույցը թեև չի հրապարակվի, սակայն 97 էջանոց փաստաթղթի վերաբերյալ խորհրդարանում ծավալուն ելույթ կունենա հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Ազգային ժողովի նախագահի հետ քննարկել և որոշել են ձևաչափը: Խորհրդարանում պահվող փաստաթղթին ծանոթանալու իրավունք կստանան այն պաշտոնյաները, որոնք գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթերի հասանելիություն ունեն, նաև նրանք, ում ԱԱԾ-ն հատուկ թույլտվություն կտա:
Անդրանիկ Քոչարյան (ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Ես տրամադրված էի, որ դա ամբողջությամբ դրվեր Ազգային ժողովի կայքում, եթե գործադիրը տար դրական եզրակացություն, այսինքն՝ գաղտնիության ռեժիմի հետ խնդիր չտեսնեի, բայց 44-օրյա պատերազմը մեզ ստիպում է, որ բոլորս շատ զգույշ լինենք, որովհետև բանակը կրել է մեծ կորուստներ, և մեր զինվորականությունը պետք է կենտրոնանա իր խնդիրների լուծման վրա:
Քոչարյանն ասում է՝ առաջիկա քառօրյային հնարավոր է ԱԺ ամբիոնից ներկայացնի զեկույցի՝ հրապարակման ենթակա հատվածները: Հանձնաժողովի նախագահն ասում է՝ նախատեսում են զեկույցը փոխանցել նաև զինված ուժերին: Զինվորական պաշտոնյաները հնարավորություն կունենան լսել նիստերի՝ մոտ 80 ժամ տևած տեսագրությունները և հրավիրվածների բացատրությունները:
Անդրանիկ Քոչարյան - Ամենակարևորը՝ զեկույցը գոյություն ունի, գտնվում է ԱԺ շենքում, և ես պատրաստ եմ ելույթով հանդես գալ, թող մեր հասարակությունը կասկած չունենա:
Մեկ տարում անցկացրած 30 նիստի ընթացքում հանձնաժողով հրավիրվեց 19 հոգի՝ շարքային զինծառայողից մինչև երկրի այն ժամանակվա ղեկավարը: Հանձնաժողովն ուսումնասիրեց զինված ուժերի ապահովման, թիկունքային սպառազինության, մարտական պատրաստության, զորքերի համալրման, հետախուզության վիճակը, հրամանատարական որոշումների օպերատիվությունը: Ապրիլյանի գլխավոր բացթողումը, ըստ Քոչարյանի, ժամանակի սղության պատճառով շտկել չէր հաջողվել նաև 44-օրյա պատերազմի ընթացքում:
Անդրանիկ Քոչարյան - Մենք ունեցել ենք կառավարման պրոբլեմ, և 44-օրյա պատերազմում ևս երևաց, որ մենք ունեցել ենք զորքերի կառավարման պրոբլեմ:
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը կարծում է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրելու համար ևս կարելի է քննիչ հանձնաժողով ստեղծել, բայց դա պետք է անել 1-2 տարի անց, երբ քաղաքական կրքերը հանդարտված կլինեն: