ՀՀ էկոնոմիկայի նախարարության շենքում տեղադրվել են աղբի տեսակավորման երեք տեսակի թափոնամաններ՝ տեղեկացնում են նախարարությունից:
Կենցաղային աղբի համար նախատեսված «սովորական» աղբամանների կողքին թափոնամանների տեղադրումն ազդակ է նախարարության աշխատակիցների համար յուրացնելու և կիրառելու աղբի տեսակավորման մշակույթը:
Թափոնների տեսակավորումն իրականացվում է հետևյալ կանոնների համաձայն․
-
Դեղին թափոնամանը նախատեսված է թղթի, ստվարաթղթի համար: Խիստ ցանկալի է, որ ստվարաթղթե արկղերը թափոնամանները նետվեն բացելուց և ծալելուց հետո:
-
Կապույտ թափոնամանը նախատեսված է բոլոր այն թափոնների համար, որոնք պլաստիկի հիմքով են պատրաստված՝ պոլիէթիլենային տոպրակներ, շշեր, բաժակներ և այլն:
-
Փոքր մոխրագույն/սև թափոնամանը ապակե թափոնների համար է, որտեղ հավաքվում են ոչ միայն շշերն ու այլ ապակե տարաները, այլև, օրինակ՝ պատուհանի կոտրված ապակին և այլն:
Նախարարությունը լիահույս է, որ մեր գործընկերները, պետական և մասնավոր կազմակերպությունները, նաև հանրապետության բոլոր քաղաքացիները ժամանակի ընթացքում կմիանան այս նախաձեռնությանը՝ նպաստելով շրջակա միջավայրի պահպանմանը, մեր կյանքի բարեկեցության և Հայաստանի կայուն զարգացման ապահովմանը՝ նշված է նախարարության հաղորդագրությունում: