Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ մարզպետարանի նիստերի դահլիճում կայացել է մարզխորհրդի 2021թ. թիվ 1 նիստը, որին ասնակցել են ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետ Կ. Միքայելյանը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Գ. Ազիզյանը, ՀՀ ՊՆ Զ ԵՎ ԶՀԾ Վայոց ձորի մարզային տարածքային ստորաբաժանման ղեկավար Ա. Նահապետյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ Հ. Սարգսյանը, մարզպետի տեղակալը, մարզի համայնքների ղեկավարներ, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ և աշխատակիցներ:
Օրակարգային առաջին հարցի շրջանակներում ներկայացվել են համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2021 թ. սուբվենցիոն ծրագրերը: 2021թ. մարտ ամսի դրությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժինը մարզի համայնքներից ստացել է թվով 46 սուբվենցիոն հայտ, որոնք ամբողջությամբ ներկայացվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն և սպասում են հաստատման:
Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր 2021թ. առաջին եռամսյակում, ըստ համայնքների, սեփական եկամուտների հավաքագրման արդյունքներին: Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ա․ Սարգսյանը ներկայացրել է, որ 2021թ. մարտի 30-ի դրությամբ մարզի 8 համայնքների տեղական բյուջեներին ամրագրված եկամուտների հավաքագրման աճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմում է 14.0%:
Օրակարգի երրորդ հարցը համայնքներում իրականացվող աղբահանության դիմաց գանձվող գումարների և կնքված պայմանագրերի վերաբերյալ էր: Նշվել է, որ նախորդ տարի համաճարակի ու պատերազմի պատճառով աղբահանության վճարի հավաքագրումը կատարվել է 70.3 տոկոսով: Համայքների կողմից տրված տեղեկատվության համաձայն՝ համայնքներում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների/իրավաբանական անձանց 852-ից աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքվել 692-ի հետ:
Զեկուցվել է անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքի հարկի հավաքագրման էլեկտրոնային միասնական համակարգի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաև այդ ոլորտի վերաբերյալ հարկային օրենսգրքում տեղ գտած փոփոխությունները:
Մարզխորհրդի նիստում մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը ներկայացրել է Արցախի Հանրապետությունից տեղահանված և ժամանակավորապես Վայոց ձորում ապաստանած քաղաքացիների կենսաապահովման խնդիրների լուծմանն ուղղված սոցիալական աջակցության մարզային շտաբի 6-ամսյա գործունեությունը: Ներկայացրել է տեղեկատվություն հումանիտար աջակցության ստացման և համայնքապետարանների միջոցով շահառուներին բաշխման գործընթացների, պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձ է կատարվել առկա խնդիրներին և դրանց հնարավոր լուծման ձևաչափերին:
ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ ՎՁՄ տարածքային ստորաբաժանման ղեկավար Ա․Նահապետյանը ներկայացրել է 2020թ. զորակոչի արդյունքները, ըստ որի Վայոց ձորի տարածքային ստորաբաժանումը գերակատարել է իր առջև դրված առաջադրանքը ձմեռային զորակոչի կազմակերպման գործում: Նշվել է, որ ս.թ. ապրիլի 1-ից սկսվում են 2021թ. ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքները:
ՀՀ ԱԻՆ ՓԾ ՎՁՄ մարզային փրկարարական վարչության պետ Հ․ Սարգսյանը ներկայացրել է մարզի քաղաքացիական պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքները, առկա խնդիրները և հնարավոր լուծումները:
Վերջին զեկույցով հանդես է եկել Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը՝ ներկայացնելով սոցիալապես անապահով անձանց ցուցաբերվող օգնությունների վերաբերյալ տեղեկատվություն:
Մարզխորհրդի նիստի ընթացքում քննարկվել են մարզում առկա խնդիրները, որոնց վերաբերյալ հարցերով և լուծման առաջարկներով հանդես են եկել նիստին մասնակից անդամները: Ներկայացրել են նաև տարբեր ոլորտներում գրանցած ձեռքբերումները:
Բարձրացված խնդիրների մեջ մարզպետ Արարատ Գրիգորյանը շեշտել է մարզի տարածքում բոլոր չափորոշիչներին համապատասխան սպանդանոցների կառուցման անհրաժեշտությունը: Մարզպետը հորդորել է համայնքի ղեկավարներին ավելի ակտիվ ներգրավել ավագանու անդամներին համայնքային խնդիրները լուծելու գործընթացին, ինչպես նաև մշտապես ուշադրության կենտրոնում պահել զոհված, անհայտ կորած և վիրավոր զինծառայողների ընտանիքների խնդիրները:
Ամփոփելով մարզխորհրդի նիստը, մարզպետը ներկայացրել է մարզխորհրդի նիստին մասնակցող հյուրին՝ Արմեն Գաբրիելյանին: Շնորհակալություն հայտնելով հայրենիքին և մարզին ցուցաբերվող շարունակական աջակցության համար, ընդգծել հետպատերազմյան շրջանում առավել կարևորություն ներկայացնող «Ողջ մնալու արվեստ» (ՈՄԱ) ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության միջոցով իրականացվող դասընթացները, որոնք շուտով կմեկնարկեն նաև մարզի տարածքում, և որոնց գլխավոր նպատակն է ազգի մարտական պատրաստվածության բարձրացումը: