«Հավերն ի՞նչ է՝ կեսարյանով են ձու ածում, որ այդ գինն է», «չգիտեմ՝ ձվածեղ ուտե՞լ, թե՞ գնալ Ծաղկաձոր հանգստանալու». ձվի կտրուկ թանկացման մասին հումորները խանութում՝ հավկիթից շատ են:
Տվյալ սուպերմարկետը օրվա հաջողակներից էր, քանի որ թռչնաբուծարաններից մեկը, պլանային առաքմանը զուգահեռ՝ հենց այստեղ էր որոշել բերել նոր ձու ածել սկսած իր վառեկների, այսպես ասած՝ առաջին արտադրանքը, համեմատաբար փոքր՝ 0 համարի ձու, հատը՝ 50 դրամով:
9000 հատ հավկիթը Երևանի ծայրամասային այս խանութը սովորաբար մեկ շաբաթում է սպառում: Հիմա վերջին օրերի գնաճային խուճապը հաշվի առնելով՝ մարդիկ անմիջապես հերթ գոյացրին: Առևտրային կետի նույնիսկ տնօրենն էր ստիպված արագ դատարկվող ցուցափեղկին ապրանք հասցնել: Էժան ձու գտնելը դարձավ շնորհավորանքի առիթ:
Էժան ձուն թռչնաբուծարանների ակցիան է: Նախկինում ասում են՝ Զատիկին 0 համար չէին առաջարկի, բայց որպեսզի վերավաճառողները չկարողանան պահեստավորած ապրանքը թանկ ծախել ու ֆերմաների հաշվին հարստանալ, մենամարտ էին ուզում՝ թող ստանան, այսօրվանից սկսած՝ նաև նոր ածանների փոքր հավկիթներն են վաճառքի հանելու՝ հայտարարում է Թռչնաբույծների միության նախագահը:
Ըստ Ստեփանյանի՝ այս առավոտ թռչնաբուծարաններից վաճառքի դուրս բերած ձվի քանակը երեկվա համեմատ ավելի է եղել: Փորձում են ապրանք տանել ծայրամասային խանութներ, որոնք դեֆիցիտի այս փուլում մատակարարումներից դուրս են մնացել: Հաջողակ սուպերմարկետին մոտիկ, նաև հեռու մթերայիններում, կեսօրին մեր նկարահանման պահին ձու առհասարակ չկար:
Երեկ վաճառքում եղել է նաև 75 դրամանոց ձու, Կառավարությունում լրագրողների՝ «խոստացաք այնպես անել՝ հավկիթն էժանանա, բայց գինը չի իջնում» հանդիմանությանն արձագանքել է հակամոնոպոլ մարմնի ղեկավարը:
Գեղամ Գևորգյան (ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ) - Ես չեմ կարող ձու արտադրողին զանգել՝ ասել գինն իջեցրու կամ բարձրացրու, մենք կարող ենք վարույթ հարուցել: Սկսել ենք վարույթ՝ արհեստական դեֆիցիտի կամ հակամենաշնորհային համաձայնության մասով:
Գևորգյանը նաև պարզաբանում է. էկո կամ ֆերմային ձուն խանութներում մինչև այս իրարանցումն էլ է եղել 200 դրամի սահմաններում: Խնդիրը՝ հատով, արկղով սպառվող հավկիթի գինն է, որ Զատիկին ընդառաջ խառնեց բոլորի բոլոր հաշվարկները: