Խորհրդարանն առաջին ընթերցմամբ 83 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը: Հիշեցնենք՝ այն հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանն ու Համազասպ Դանիելյանը, նաև՝ անկախ պատգամավորներ Արման Բաբաջանյանն ու Սերգեյ Բագրատյանը: Նախագծի քվեարկությանը մասնակցեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, ինչպես նաև համահեղինակ երկու անկախ պատգամավորները: ԲՀԿ խմբակցությունը չէր մասնակցում ԱԺ այսօրվա արտահերթ նիստին, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը՝ մինչ այդ նախագծի քննարկման ժամանակ քննադատելով օրինագիծը:
Հիշեցնենք՝ նախագծով նախատեսվում է հրաժարվել ռեյտինգային ընտրացուցակներից՝ անցում կատարելով պարզ համամասնական ընտրակարգի: Երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի 24 ժամվա ընթացքում։
Օրենքի համահեղինակները վստահեցրել են՝ գործող իշխանությունը չի հրաժարվում Ընտրական օրենսգրքի մեծածավալ փոփոխության գաղափարից, փաթեթը այժմ Վենետիկի հանձնաժողովում ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ում է՝ խորհրդատվական կարծիք ստանալու համար։