ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ հիշեցրեց, որ ռեյտինգային ընտրակարգից հրաժարումը և պարզ համամասնական ընտրակարգի անցումը եղել է իրենց նախընտրական խոստումը:
«Այս ընթացքում խորհրդակցություններ ունենալով խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, քաղաքացիական հասարակության, մասնագիտացված կառույցների և նախագահի ինստիտուտի հետ, քննարկելով այս նախագիծը՝ եկանք այն եզրակացության՝ որպեսզի Ընտրական օրենսգիրքը չբարդացնի առաջիկա ընտրությունները և ավելի պարզեցնենք ընտրությունների ընթացքը, առայժմ փոքր փաթեթով փոփոխություն կատարել միայն ընտրակարգում և անցում կատարել ամբողջապես պարզ համամասնական ընտրակարգի»,- նշեց Մակունցը: «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը վստահեցրեց, որ սրանից բացի, առաջիկայում քննարկելու են նաև Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ամբողջական համապարփակ փաթեթը: