Պետական բյուջեի այս տարվա առաջին եռամսյակի եկամուտները գերակատարվել են ավելի քան 20 մլրդ դրամով: Էական աճ է արձանագրել նաև առևտրի շրջանառությունը. տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին:
Բյուջեի եկամուտների ու առևտրաշրջանառության ցուցանիշների վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց նաև ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ դիտարկվել են ինչպես մարտ ամսվա, այնպես էլ եռամսյակի տվյալները:
«Մասնավորապես՝ առևտրաշրջանառության և կատարած գործարքների մասով մարտ ամսվա ընթացքում նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ ՀԴՄ կտրոններով և հաշվարկային փաստաթղթերով կատարված գործարքների քանակն ավելի է 8 մլն 647 հազար հատով, որի գումարային արտահայտության տարբերությունը նախորդ տարվա համեմատ կազմում է 122 մլրդ դրամ: Եռամսյակային կտրվածքով իրացման շրջանառության տարբերությունը կազմում է 116.8 մլրդ դրամ, գործարքների քանակով՝ 6 մլն 200 հազար հատ»,- նշեց Հովհաննիսյանը:
Հարկային եկամուտների հավաքման մասով առաջին եռամսյակի համար սահմանված է եղել 305 մլրդ դրամ, փաստացի հավաքվել է 332,9 մլրդ դրամ:
Ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանն էլ հավելեց, որ փաստացի ցուցանիշներից ելնելով՝ կանխատեսում են, որ հարկային եկամուտների տարեկան ցուցանիշը կգերակատարվի շուրջ 40 մլրդ դրամով: