ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Երևան-Սևան մայրուղում գործող «ԳԱԻ մարկետ» խանութ-սրահում կատարված խուլիգանության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և ավազակության դեպքերի մի շարք հանգամանքներ:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2021 թ. մարտի 24-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Կոտայքի մարզի 45-ամյա բնակիչը, վերոհիշյալ խանութից առևտուր կատարելու նպատակով, նույն մարզի 42-ամյա երկու բնակչի և ինքնությունը չպարզված մեկ այլ անձի հետ «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայով կայանել են խանութի մուտքի դիմաց: 45-ամյա տղամարդը և քննությամբ դեռևս չպարզված անձը ներս են մտել, իսկ մյուսները սպասել են ավտոմեքենայում: Խանութ-սրահում 45-ամյա տղամարդը ապրանքները ձեռքով մոտեցրել և դրել է գանձապահի դիմաց առկա դրամարկղի սեղանին, սակայն վերջինս պահանջել է ապրանքները դրամարկղին մոտեցնել սայլակով: Իրեն որոշակի պահանջ ներկայացնելու չնչին առիթն օգտագործելով՝ տղամարդը սկսել է վիճաբանել գանձապահի հետ:
Անտեսելով խանութում գտնվող այլ հաճախորդների ներկայությունը՝ 45-ամյա տղամարդն ու քննությամբ չպարզված անձը ագրեսիվ վարքագիծ են դրսևորել գանձապահի նկատմամբ, հնչեցրել հայհոյանքներ: Վիճաբանությանը միջամտել է վերջինիս եղբայրը, խանութի տնօրենը, որից հետո սրահ են մուտք գործել նաև ավտոմեքենայում սպասող անձինք, ովքեր, խմբի կազմում կոպիտ կերպով տևական ժամանակ խախտելով հասարակական կարգը, խաթարել են խանութի հաճախորդների և աշխատակիցների անդորրը, վնասել խանութի գույքը, իսկ վերը նշված 42-ամյա տղամարդիկ գանձապահի առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Այնուհետև՝ 42-ամյա երկու տղամարդիկ, դանակի գործադրմամբ, խանութի տիրոջ պարանոցից քաշել-պոկելու եղանակով հափշտակել են նրա ոսկյա շղթան, որից հետո դիմել են փախուստի՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:
Քրեական գործով իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Կոտայքի մարզի 45-ամյա բնակիչը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով, և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ 42-ամյա երկու տղամարդիկ ներգրավվել են որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետով և 175-րդ (ավազակություն) հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: