Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի պատրաստուկների բաժնում ամեն պահ սպասում են, որ արդեն Հայաստան հասած «Աստրազենեկա» պատվաստանյութը մաքսազերծման գործընթացն անցնի, այստեղ տեղափոխվի: Երկու մեքենաներից մեկը պատվաստանյութը մարզային պոլիկլինիկաներ կհասցնի, մյուսը՝ Երևանի: Բաշխման գործընթացը նախատեսվում է իրականացնել եկող շաբաթ:
Ալմաստ Հարոյան (ԱՆ ՀՎԿԱԿ «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղի բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների բաժնի պետ) - Կարող ենք մոտենալ, տեսնել, որ էնտեղ կա հատուկ ջերմային գրանցման սարք:
Մինչ մասնագետները պատվաստանյութի սառցե շղթայի պլանավորմամբ ու ապահովմամբ են զբաղված, բնակչության մի մասը շարունակում է դժգոհել փաստից, որ հենց «Աստրազենեկա» է ներմուծվել Հայաստան: Ոմանք էլ մտածում են՝ առհասարակ պատվաստվե՞լ, թե՞ ոչ:
«Աստրազենեկա» պատվաստանյութի 24 հազար դեղաչափն արդեն Հայաստանում է: Այն անվճար կառաջարկվի ռիսկի չորս խմբերի, բայց բնակչության մեծ մասը, ինչպես հարցումներից է պարզ դառնում, պատվաստվելու ցանկություն չունի: Ի՞նչ երաշխիքներ կան, որ տարբեր երկրներում աղմուկ բարձրացրած, ընդամենը օրեր առաջ Գերմանիայում 30 մարդու մոտ ուղեղի թրոմբ առաջացրած «Աստրազենեկան» Հայաստանի բնակչության համար անվտանգ է: Առողջապահության նախարարն ասում է՝ հետևում են աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, քննարկում արձանագրված դեպքերը, սա էլ կքննարկեն:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Ուրբաթ օրը նորից կլինի ժողով, որտեղ կքննարկվի նաև Գերմանիայում տեղի ունեցած փոփոխությունը ցուցումների մեջ: «Աստրազենեկայի» և բոլոր այն պատվաստանյութերը, որոնք ունեն միջազգային կառույցների կողմից տրված եզրակացություն, որ ունեն արդյունավետություն, անվտանգություն, բավարարում են բոլոր սահմանված չափանիշներին, մենք դրանք կիրառելու ենք:
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, որ որևէ պատվաստանյութ կողմնակի ազդեցություններից զերծ լինել չի կարող, և որ «Աստրազենեկայի» պարագայում գրանցվել է, իր խոսքով՝ «մահվան ընդամենը 5 դեպք»:
Նարեկ Զեյնալյան (ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ) - էստեղ դեռ պետք է ապացուցվի կապը մահերի և պատվաստանյութի ներարկման: Էս պահին որևէ ապացույց չկա:
Առողջապահության նախարարն էլ հիշեցնում է. պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլի մասին եզրակացություններ են արել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Եվրամիությունն ու այլ կառույցներ, որոնք չեն գտել կապը պատվաստանյութի և կողմնակի ազդեցությունների միջև: