Ուզում եմ մի փոքր օրակարգից շեղվել, քանի որ մեդիատեռորը մեզ հնարավորություն չի տալիս, և այնպիսի տպավորություն է, որ մենք պարբերաբար պետք է որոշ բաներ ապացուցենք: Խոսքը վերաբերում է սոցիալական փաթեթին: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ հիշեցնելով, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն արդեն տարածել է պարզաբանում՝ կապված սոցփաթեթում ներառված ծառայությունների շրջանակը ընդլայնելու Կառավարության որոշման հետ:
«Առիթն օգտագործեմ և ևս մեկ անգամ անդրադառնամ: Հայաստանում 8 տարի շարունակ 147 հազար՝ սոցփաթեթի շրջանակներից օգտվող, որի մեջ չկա ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա, որովհետև օրենքը թույլ չի տալիս, այսինքն՝ պատկերավոր ասած՝ գրադարանի աշխատակցից մինչև վարչության պետ, 8 տարի շարունակ, ամեն ամիս 6 հազար դրամ, այսինքն՝ 72 հազար դրամ, ծախսելու հնարավորություն են ունեցել: Ծախսելու հնարավորությունը սահմանափակված է 4 ուղղությամբ: Մեկը Արցախ և Հայաստան տուրիստական ծառայությունն է, մյուսը՝ առողջապահության ծառայությունը, հիփոթեքի, վարկի սպասարկում և ուսման վարձ: Մենք բոլորս օրենքով մի հավելյալ ուղղություն էլ ավելացրեցինք՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխանցումները: Հիմա, ի՞նչ է եղել Կառավարության որոշմամբ: Ի դեպ, կարծում եմ՝ այստեղ որոշակի միտում կա, որովհետև չկարդալ և կարդալուց հետո չհասկանալ և բաներ գրել, չեմ հասկանում՝ ինչ է»,- տեղեկացրեց պատգամավորը:
Նրա խոսքով՝ Կառավարության որոշմամբ ասվում է, որ ևս մեկ հնարավորություն է ընդլայնվում՝ այդ 72 հազար դրամը կարող է ծախսվել լողավազան հաճախելու վրա:
«Դա է պատճառը, որ հարկատուները որևէ հավելյալ ծախս այս մասով չեն կրում: Հիմա սրանից ստեղծել մեդիատեռոր՝ չեմ հասկանում»,- ասաց պատգամավորը: