Հայկական ԱԷԿ-ում տեղի է ունեցել կայանի ղեկավարության աշխատանքային հանդիպումը «Ռուսատոմ սերվիս» ԲԸ ընկերության ներկայացուցիչների հետ` գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն և Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտական հետազոտական ինստիտուտը («Հայատոմ» ԳՀԻ ՓԲԸ):
Կողմերը վերլուծել են կայանի արդիականացմանն ուղղված աշխատանքները, որոնք կանցկացվեն Պլանային-նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ-2021) ընթացքում: Կայանը կանգնեցվելու է 141 օրով և ՊՆՎ-2021 շրջանակներում կանցկացվեն նախագծի առանցքային միջոցառումները՝ Հայկական ԱԷԿ-ի ռեակտորի իրանի մետաղի թրծաթողումը և ակտիվ գոտու վթարային հովացման համակարգի արդիակնացումը։
Նախատեսված բոլոր աշխատանքներն ավարտելուց հետո ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն ստուգումներ կանցկացնի կայանում և որոշում կկայացնի մինչև 2026 թվականը Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգելու լիցենզիա տրամադրելու մասին:
Արդիականացման պայմանագրի շրջանակում աշխատանքների կազմակերպումն իրականացնում է «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ը, որը «Ռոսատոմ» պետկորպորցիայի էլեկտրաէներգետիկական ստորաբաժանման մաս է:
«Այս տարի կայանում անցկացվելու են ԱԷԿ-ի արդիականացման և անվտանգության բարձրացման եզրափակիչ աշխատանքները: Հայաստանն ավելի արդյունավետ ատոմակայան կստանա, իսկ դրա անվտանգությունը կմոտեցվի համաշխարհային չափանիշներին: Բացի այդ, թրծաթողումից հետո կվերականգնվեն ռեակտորի իրանի ֆիզիկա-մեխանիկական հատկությունները, և Հայաստանի ԱԷԿ-ը հնարավոր կլինի շահագործել 2026 թվականից հետո ևս», - ասել է «Ռուսատոմ սերվիս» ԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը:
Ռեակտորի թրծաթողումը կատարում են բոլոր ԱԷԿ-ում, որտեղ երկարաձգվում է էներգաբլոկների շահագործման ժամկետը:Թրծաթողումն իրականացվել է Ռուսաստանի, Ուկրաինայի, Բուլղարիայի և Ֆինլանդիայի ВВЭР-440 տիպի ռեակտորների վրա: