Քրիստոնեության ամենասուրբ եկեղեցիներից մեկի՝ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի պատերին փորագրված խաչերը երկար ժամանակ գրաֆիտի էին հիշեցնում: Բայց վարկած կար, որ դրանք կարող են միջնադարյան քարտաշների ձեռքի գործ լինել: Այս կարծիքին են Իսրայելի հնությունների վարչության և Երուսաղեմի Հադասա ակադեմիական քոլեջի հետազոտողները:
Քրիստոնեական աշխարհում մեծ համբավ վայելող այս եկեղեցին, որը համարվում է Հիսուսի խաչելության ու թաղման վայրը, միշտ մարդաշատ է հավատացյալներով ու հոգևորականներով, ինչը մշտապես դժվարացրել է հետազոտական աշխատանքները:
Ամիթ Ռեեմ Իսրայելցի, հնագետ - Այս եզակի ֆենոմենը միշտ շփոթեցրել է մեզ, չգիտեինք, դա ուխտավորների գրաֆիտի՞ն է, թե՞ մեկ ուրիշ բան: Երևում է, որ բոլոր խաչերն ունեն նույն խորությունը և նույնիսկ քարտաշի ձեռագիրը: Գուցե երկու կամ երեք արհեստավորի ձեռքի գործ են այս խաչերը: Ամեն դեպքում՝ դա գրաֆիտի չէ, այլ ավելի համակարգված աշխատանք է հիշեցնում:
2018-ին եկեղեցու մատուռներից մեկում վերանորոգման ժամանակ հայտնաբերված հազարավոր փորագիր խաչերը հետազոտություն սկսելու պատճառ դարձան: Գործակցելով մատուռը հսկող հայ հոգևորականների հետ՝ գիտնականներն օգտագործել են թվային ֆոտոխցիկներ ու եռաչափ պատկերներ՝ խաչերը գծագրելու, համեմատելու և թվագրելու համար: Կա հետևյալ ենթադրությունը, որ փորագրության համար հենց ուխտավորներն են վճարել:
Ամիթ Ռեեմ Իսրայելցի - Ասենք՝ դու հայ ուխտավոր ես ու ինչ-որ գումար ես վճարում կամ քահանային, կամ արհեստավորին, և նա խաչ է փորագրում քո և քո հարազատների համար: Դա հատուկ խաչ է, քանի որ դրվել է քրիստոնեության համար ամենասուրբ վայրերից մեկում:
Սուրբ Հարության եկեղեցու հայ հոգևորական հայր Սամուել Աղոյանը հետազոտությունը եկեղեցու համար կարևոր է համարում.
Սամուել Աղոյան, Սուրբ Հարության տաճարի հոգևորական - Նախ հետազոտությունները հնարավորություն են տալիս բացահայտել դեռևս անհայտ շատ երևույթներ, որոնք կարևոր են նաև եկեղեցու համար:
Հոգևորականի խոսքով՝ փորձում են դուրս գալ Քովիդ-19-ի պատճառով սահմանված արգելափակումներից ու պատրաստվել Զատիկին, համավարակի պատճառով այժմ ուխտավորներ չկան, բայց տաճարի սուրբ հայրը վստահ է՝ հոգեպես նրանք այս սրբավայրում են: