Երևանի պետական համալսարանում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Մայր բուհը, որ շուրջ երեք տարի է ռեկտոր չունի, հոգաբարձուների խորհրդի հերթական նիստն է գումարել: Օրակարգում նաև ռեկտորի ընտրության հարցն էր: Խորհրդի 32 անդամներից ներկա էին 14-ը: Քվորում չեղավ, նիստն էլ չկայացավ:
Միքայել Մալխասյան, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար -Ներկա 14 անդամներից 8-ն ուսանողներից ընտրված անդամներն են, մյուսները պրոֆեսորադասախոսական համակազմից անդամներն են: Երբ ծանուցումն ուղարկվել էր խորհրդի անդամներին, նրանց մեծ մասն արձագանքել էր, որ ներկա է լինելու նիստին: Առավոտյան խորհրդի անդամների մի մասն իրար հետևից գրում են, որ ինչ-ինչ պատճառներով չեն կարող գալ:
Իսկ նիստին ներկա չէին Կառավարության ներկայացուցիչներն ու երկու դասախոս: Նրանցից միայն մեկն էր սահմանված ժամկետում խորհրդի քարտուղարին տեղեկացրել՝ ինչու չի կարող գալ: Ներկաներից շատերն իրավիճակը «սաբոտաժ» որակեցին ու առաջարկեցին ևս մեկ նիստ հրավիրել.
Կառլեն Խաչատրյան, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ - Մենք այսօր ի՞նչ պատկեր ենք տեսնում. բացարձակ անտարբերություն Կառավարության ու լիազոր մարմնի ներկայացուցիչների կողմից: Սա անարգանք է ոչ միայն մեր նկատմամբ, այլ ամբողջ կոլեկտիվի, բուհի: Հետևաբար, կոչ եմ անում մեր գործընկերներին վերադառնալ կառուցողական հուն:
Նախարար Վահրամ Դումանյանը չորեքշաբթի հատարարել էր, որ Բարձրագույն կրթության մասին փոխված օրենքով, նոր կանոններով՝ նոր ռեկտոր են ընտրելու, վստահեցրել՝ այդ օրը հեռու չէ: Մինչդեռ ռեկտորի աթոռի համար պայքարող Վահե Հովհաննիսյանը չի կիսում նախարարի լավատեսությունը, ասում է՝ օրենքը գործողության մեջ մտնելու շուրջ հիմնավոր կասկածներ ունի.
Վահե Հովհաննիսյան, ԵՊՀ ռեկտորի թեկնածու - Իմ կարծիքով՝ օր առաջ պետք է այս ճգնաժամը հաղթահարվի և առնվազն կառավարման մարմինների ձևավորումը պետք չէ պայմանավորել որևէ օրենքի գործողության հետ: Շատ տարօրինակ է, որ «սաբոտաժը» պետության կողմից է, սովորաբար լինում է հակառակը, որպես կանոն բուհերն են սաբոտաժի ենթարկում պետությանը, այլ ոչ թե պետությունը՝ բուհերին:
Կրթական գերատեսչության ներկայացուցիչ Գոհար Մամիկոնյանը, որ ընդամենը երկու ամիս է հոգաբարձուների խորհրդի կազմում, պնդում է՝ որևէ մեկի հետ այսօրվա նիստին գնալ-չգնալու հարցով քննարկում չի ունեցել: Չի ներկայացել, որովհետև նպատակահարմար չի համարել: Նախարարի հրամանով նա ազատվել է խորհրդականի պաշտոնից: Ինքն էլ որոշել է, որ իր ներկայությունն այդ նիստին ավելորդ է.
Գոհար Մամիկոնյան, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ - Հիմա եթե ես ինչ-որ խախտում եմ արել, սխալ եմ արել, գուցե այդ առումով քննարկում լինի, բայց իմ իրավասության շրջանակներում տեղեկացրել եմ, որ չեմ մասնակցում կամ չեմ գնում նիստին, որովհետևս ես այևս այդ պաշտոնում աշխատող անձ չեմ:
Գործընկերները, սակայն, հակառակն են պնդում: Այնուամենայնիվ, այսօր սպասում էին Մայր բուհում՝ որպես հոգաբարձուների խորհրդի անդամ:
Ով ներկա էր, մեկ ժամ սպասեց; Ոչ միայն ռեկտորի ընտրության հարցն առկախ մնաց, այլև ռեկտորի պաշտոնակատարը տարեկան հաշվետվությունը չներկայացրեց: Գեղամ Գևորգյանը հույս ունի, որ գոնե հաջորդ նիստին քվորում կլինի ու խորհուրդը կառուցողական քննարկման կնստի: Թե ինչո՞ւ Մայր բուհը մինչև հիմա ռեկտոր չունի, Գևորգյանը դժվարանում է պատասխանել:
Գեղամ Գևորգյան, ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար - Ռեկտոր կարելի էր ընտրել մեկ տարի առաջ, երկու տարի առաջ, կարելի էր ընտրել հիմա: Իմ կարծիքով՝ ռեկտորը պետք է լինի նշանակովի՝ գործադիրի կողմից, ինչպես որ եղել է 70 տարի, 90 տարի:
Գեղամ Գևորգյանը ևս մեկ անգամ վերահաստատեց՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար չի պայքարելու: