147 հազար 500 քաղաքացի՝ գրադարանի, թանգարանի աշխատակիցներ, ուսուցիչներ և պետական կառավարման համակարգի միջին օղակի աշխատողներ, կօգտվեն սոցփաթեթի նոր հնարավորություններից: Կառավարությունն այսօր հաստատեց օրենքի նախագիծը, համացանցում աղմուկ բարձրացավ: Մի խումբ օգտատերեր գրում էին, թե բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց ընտանիքի անդամները պետբյուջեի հաշվին լողալ ու մարզվել են ուզում:
Ժորա Սարգսյան (ՀՀ աշխատանքի սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ) - Նախարարները, փոխնախարարները, գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների պաշտպան, ՍԴ նախագահ՝ սոցփաթեթից չեն օգտվել և շարունակելու են չօգտվել։
Բարձրաստիճան պաշտոնյաները չեն ներառվել, փոխարենը որոշ կրթական հաստատությունների աշխատակիցներ, որոնք նախկինում դուրս էին մնացել սոցփաթեթի ցանկից, կօգտվեն հնարավորությունից: Պետբյուջեից ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, շարունակելու են տարեկան հատկացնել նույն գումարը՝ յուրաքանչյուրի համար՝ 72000 դրամ:
Ժորա Սարգսյան - Ընդամենը առաջարկվում է երկու նոր ծառայություն։ Կարող են և չօգտվել այս ծառայություններից։
Հիփոթեքային վարկ մարելուց, ուսման վարձ վճարելուց, հանգստի ու լրացուցիչ առողջապահական ծախսերից բացի, շահառուները սոցփաթեթի միջոցներով կարող են մարզասրահ և լողավազան այցելել, պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկ մարել: Ինչ վերաբերում է ընտանիքի անդամների հարցին, որը ևս համացանցում լայնորեն քննարկվում է, Ժորա Սարգսյանն ասում է՝ նրանք ինչպես ութ տարի օգտվել են գործող չորս հնարավորություններից, այնպես էլ շարունակելու են օգտվել ավելացվածներից։
Աշխատանքի և զբաղվածության ոլորտի պատասխանատուն հավաստիացնում է՝ փոփոխությունը միտված է առողջ ապրելակերպի խթանմանը և միջին օղակի աշխատակիցների սոցիալական խնդիրների լուծմանը: Ի դեպ, նախագիծը լայնորեն քննարկել են շահառուների հետ և ըստ այդմ նախաձեռնել բարեփոխումները: