Հունիսյան արտահերթին ընդառաջ խորհրդարանն այսօր ընդունեց ընտրական օրենսգրքի փոփոխության նախագիծը։ Ըստ այդմ՝ Ազգային ժողովի առաջիկա ընտրությանն այլևս չեն լինելու ռեյտինգային ցուցակներ, գործելու է փակ համամասնական ընտրակարգ։ «Իմ քայլից» Վահագն Հովակիմյանի խոսքով՝ գաղափարին կողմնակից են քաղաքական բոլոր ուժերը։
Հարցն արտահերթով են բերել, քանի որ կենտրոնական ընտրական հանձնաժողովն սկսում է ընտրական հանձնաժողովների անդամների դասընթացներն ու լիցենզավորումը՝ հրատապությունն այսպես բացատրեց նախագծի համահեղինակը։ Իսկ ի՞նչ է տալու սա հանրության, իշխանական պատգամավորին Սոֆյա Հովսեփյանը հարցրեց։ Հովակիմյանը բացատրեց՝ քաղաքացին տեղամաս գնալով ընտրելու է ոչ թե անձերի, այլ կուսակցության կամ դաշինքի։
Արտահերթ նիստին ԲՀԿ-ն ամբողջ կազմով ներկա չէր, «Լուսավոր Հայաստանը» եկել էր, բայց քվերակությանը չմասնակցեց։ Քննարկման ժամանակ Էդմոն Մարուքյանը հայտարարեց՝ արտահերթի ժամկետի հարցում եղել է կոնսեսուս, հիմա խաղի ընթացքում խաղի կանոններ փոխելը ժողովրդավա՞ր է արդյոք:
Անկախ պատգամավորներից Թագուհի Թովմասյանն էլ հետաքրքրվեց՝ ինչո՞ւ իշխանությունը չի սպասում Վենետիկի հանձնաժողովի, նաև ԵԱՀԿ Ժողովրդավարության և մարդու իրավունքների գրասենյակի մասնագիտական կարծիքներին։ Ասաց՝ տեղեկություն ունի, որ 30-ից ավելի առարկություն էլ ԿԸՀ նախագահն է ներկայացրել։ Հովակիմյանն արձագանքեց՝ ԿԸՀ նախագահի առարկությունները վերաբերում են ընտրական օրենսգրքի փոփոխության մեծ փաթեթին, որն այսօր չի քննարկվում։ Ու մինչև բուն փաթեթը խորհրդարան կմտնի, իսկ այդ գաղափարից իշխանությունը չի հրաժարվել, լայն քննարկումների արդյունքում որոշվել է առայժմ միայն մի կետ՝ ռեյտինգայինը հանել։
Քաղաքացուն զրկել պատգամավոր ընտրելուց՝ նշանակում է խորհրդարանում ունենալ կոճակ սեղմողներ՝ «Լուսավոր Հայաստանի» քարտուղարն այսպես արձագանքեց սպասվող փոփոխությանը: Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ իրենք փակի փոխարեն առաջարկել էին բաց համամասնական ընտրակարգ, իշխանությունը խոստացել էր քննարկել, բայց պարզվեց՝ ընդամենը փափուկ բարձր է դրվել գլխի տակ։ Խմբակցության ղեկավարն էլ հայտարարեց՝ ոչ թե ընտրակարգն է չարիք, այլ եղած բարքերը, դիմեց «մ քայլին», եթե իշխանություն եք, փող բաժանելը կանխեք։ Մարուքյանը նորից հիշեցրեց՝ իշխող մեծամասնությունն այսօր ընտրակարգ է փոխում առանց ընդդիմադիր թևի համաձայնության։
«Իմ քայլի» անունից ամբիոնին մոտեցած Ռուբեն Ռուբինյանն Էդմոն Մարուքյանին պատասխանեց, հերթով ընթերցեց «Լուսավոր Հայաստանի» ղեկավարի՝ դեռ 2018-ի հոկտեմբերի 22-ին ասածները, երբ ԱԺ-ում քննարկվում էր ընտրական օրենսգրքի փոփոխությունը։
Արտահերթ ընտրությանը գնում ենք անպատրաստ ու ոտքի վրա՝ սա էլ Արման Բաբաջանյանի գնահատականն է։ Անկախ պատգամավորն իշխող ուժին քննադատեց ոչ միայն երկու տարում ընտրական բարեփոխումներն ամբողջությամբ կյանքի չկոչելու, այլև չբարեփոխված դատական համակարգով ընտրության գնալու համար։ Հիշեց Սահմանադրական դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի գործով վերջին որոշումը, հայտարարեց՝ դա արկածախնդրություն է։
Օրենքի 4 համահեղինակից մեկն էլ Սերգեյ Բագրատյանն է։ Դեռ «Հանրապետականի» իշխանության տարիներից ռեյտինգայինի դեմ պայքարող պատգամավորն ասում է՝ այս փոփոխությամբ մի քայլ առաջ ենք անելու։ Տանիքը նորոգելու, ասֆալտ փռելու, մանկապարտեզ կառուցելու անհատների խոստումներին փոխարինելու է կուսակցության քաղաքական ծրագիրը՝ նկատում է Բագրատյանը։
Վարկանշային ցուցակներից հրաժարվելը հանգեցնելու է մարզային ներկայացվածության նվազելուն՝ պնդեցին պատերազմից հետո իշխող խմբակցությունը լքած պատգամավորները։ Ռեյտինգայինը մարզային ներկայացվածությունը չէ՝ անկախ պատգամավորների ու նաև ընդդիմադիրների մտագոհությանն արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Առաջինից երկրորդ ընթերցում ռետինգային համակարգը հանելու վերաբերյալ նախագծում փոփոխություն չարվեց։ Օրենքն ընդունվեց միայն «Իմ քայլի»՝ 83 կողմ ձայնով։