Այս տարի բուհերում ընդունելությունը կիրականացվի երկու փուլով՝ կառավարության նիստին տեղեկացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
«Առաջին փուլում դիմորդները կընտրեն բուհն ու կոնկրետ մասնագիտությունը, և կանցկացվի մրցույթ: Այսինքն՝ մեկ բուհ, մեկ մասնագիտություն՝ վճարովի, անվճար: Ի դեպ, բոլոր հայտարարագրումները լինելու են էլեկտրոնային տարբերակով: Մրցույթից հետո կհայտարարվեն արդյունքներն ու թափուր մնացած տեղերի քանակը՝ ըստ համապատասխան մասնագիտությունների և բուհերի:
Երկրորդ փուլում այն դիմորդները, ովքեր չեն ընդունվել առաջին փուլով, կարող են դիմել 6 տարբեր մասնագիտություններով, որոնք պահանջում են այն քննությունների փաթեթը, որը դիմորդն արդեն ունի հանձնած: Եվ կանցկացվի երկրորդ փուլով մրցույթը գումարային ավելի բարձր բալ ստացած ուսանողների միջև»,- նշեց նախարարը:
Դումանյանը հավելեց, որ այս տարի կանցկացվի ընդունելության՝ երկուսից ոչ ավելի քննություն, ի տարբերություն նախորդ տարվա, որի ընթացքում կորոնավիրուսային համավարակի պատճառով միայն մեկ քննություն հանձնեցին դիմորդները: