Գործադիրը նիստը սկսեց տնտեսական լուրերով: Վարչապետ Փաշինյանը հայտարարեց՝ բյուջեի եկամուտներն 1-ին եռամսյակում գերակատարվել են ավելի քան 20 մլրդ դրամով:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Պարո՛ն Հովհաննիսյան, խնդրում եմ՝ մանրամասնեք:
ՀԴՄ կտրոնով, հաշվարկային փաստաթղթերով գործարքների քանակն ավելի է 8 մլն 647 հազարով՝ 122 մլրդ դրամ գումարային տարբերությամբ: Իրացման շրջանառության տարբերությունը 116.8 մլրդ դրամ է, գործարքների քանակով՝ 6 մլն 200 հազար: ՊԵԿ ղեկավարը նշեց՝ առաջին եռամսյակի համար սահմանված էր 305 մլրդ դրամ, փաստացի հավաքագրված հարկային եկամուտը 332.9 մլրդ դրամ է, դրական տարբերությունը՝ 27.9 մլրդ դրամ:
Էդվարդ Հովհաննիսյան (ՀՀ ՊԵԿ նախագահ) - Հաշվի առնելով՝ 332.9 մլրդ դրամի մեջ ներառված է նաև դրոշմանիշային վճարի մուտքերը, որոնք կազմել են 5.6 մլրդ դրամ և, նախատեսելով հետագայում առաջին եռամսյակի պլանի ճշտման հավանական հնարավոր չափը, որը կկազմի 310.6 մլրդ դրամ, ապա հարկային եկամուտների գերակատարման փաստացի արդյունքը կազմելու է 22.3 մլրդ դրամ:
Առևտրաշրջանառության ծավալն առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 8 տոկոսով, մարտին՝ 2020-ի մարտի համեմատ իրացման շրջանառությունն աճել է 26.1 տոկոսով, իսկ գործարքների քանակը՝ 23.8 տոկոսով:
Նիկոլ Փաշինյան - Բյուջեի հարկային եկամուտները պլանավորվածից գերակատարվել են 22.3 մլրդ դրամով, և, առաջին եռամսյակի արդյունքներով, ֆինանսների նախարարությունն առաջարկում է, որ մենք պետական բյուջեի եկամուտների կանխատեսումն ավելացնենք 40 մլրդ դրամով: Սրանք, կարծում եմ՝ բավականին լավ ցուցանիշներ են ճգնաժամային հետպատերազմական տարվա համար:
Կառավարությունը 590 մլն դրամ կհատկացնի պատերազմի մասնակից ևս 2840 ուսանողի վարձի համար: Պետությունն արդեն հատկացրել է 1373 ուսանողի՝ 205 մլն դրամի ուսման վարձը:
Նիկոլ Փաշինյան - Մեր պոտենցիալ շահառուների թիվը 7 հազար է, այս պահին ծրագրից օգտվել է 1373 ուսանող: Մենք ֆինանսավորումն ավելացնում ենք ծրագիրը շարունակելու համար, որպեսզի բոլոր շահառուներին մեկ կիսամյակի ուսման վարձն ամբողջությամբ փոխհատուցենք:
Վահրամ Դումանյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Այս պահին մշակում են ևս 1905 շահառուի տվյալներ փոխհատուցման համար, որը կներկայացնեն հաջորդ նիստի ընթացքում:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ֆինանսական աջակցությամբ պետությունը կխրախուսի նաև Արցախյան բոլոր պատերազմների զինհաշմանդամներին աշխատանքի ընդունած գործատուներին: Յուրաքանչյուր անձի համար գործատուին կտրամադրվի անձի աշխատավարձի եկամտահարկի չափով աջակցություն՝ առավելագույնը 100 հազար դրամ:
Մեսրոպ Առաքելյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Առաջարկվում է նաև միանվագ փոխհատուցում տրամադրել մինչև 500 հազար դրամի չափով՝ աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում կատարված ծախսերի համար:
Նիկոլ Փաշինյան - Հարցերը բխում են նոյեմբերի 18-ի ճանապարհային քարտեզից:
ՓՈԽՎԵԼ Է ԲՈՒՀԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Քննաշրջանին ընդառաջ՝ փոխվում է բուհերի այս տարվա ընդունելության կարգը: Առաջին փուլում դիմորդները կընտրեն բուհն ու մասնագիտությունը: Մրցույթի առաջին փուլից հետո կհայտարարվի թափուր տեղերի թիվը: Այս տարի կանցկացվի 2-ից ոչ ավելի քննություն: Դիմումները կընդունվեն էլեկտրոնային եղանակով: Առաջին փուլով չընդունվելու դեպքում դիմորդը հետո կարող է 6 տեղի համար հայտ ներկայացնել:
Նիկոլ Փաշինյան - Նա կարող է իր ունեցած բալերով մասնակցել երկրորդ փուլին իր հանձնած քննություններով:
Վահրամ Դումանյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Այս տարի բուհերում անվճար տեղերի քանակը 2918 է, իսկ վճարովի տեղերի քանակը 22300 է:
Սահմանվեցին պետգնումների ընթացակարգերում հակաճգնաժամային միջանկյալ մեխանիզմի կիրառման պայմանները: Նախատեսվում է գործարկել միջանկյալ մեխանիզմ՝ ժամանակավոր սուբսիդավորման միջոցով խթանելու տեղական արտադրությունը: