Ապրիլյան քառօրյա պատերազմը լուրջ վերլուծության չի ենթարկվել, մինչդեռ մասնագիտական ուսումնասիրության անհրաժեշտություն կար՝ «Լուրերի» հետ զրույցում հայտարարեց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: Նախարար Բաբայանը պնդեց՝ հետագայում սխալներից խուսափելու համար այժմ էլ անհրաժեշտ է վերլուծել 44-օրյա պատերազմը:
Դավիթ Բաբայան (Արցախի ԱԳ նախարար) - Պետք է մասնագիտացված ձևով վերլուծվի: Անպայման, որպեսզի մենք տեսնենք, թե ինչ է եղել, ոնց է եղել, ինչ սխալներ և թերություններ են եղել: Ինչու մենք ունեցանք այն, ինչ ունեցանք:
44-օրյա պատերազմը կտրականապես տարբերվել է ապրիլյանից՝ առաջին հերթին Թուրքիայի և ահաբեկիչների մասնակցությամբ: Արցախում այժմ քննարկումներ են ընթանում բանակում սպասվող բարեփոխումների շուրջ, դեռևս վերջնական մոտեցում չկա: Պատերազմը մեծ ազդեցություն է թողել հասարակության բարոյահոգեբանական վիճակի վրա, և դա ազդում է նաև զինված ուժերի մարտունակության վրա:
Դավիթ Բաբայան - Երբ կան մարդիկ, որոնք հրճվում են Ալիևի ասածներից, նրա ժպիտից, երբ ասում են՝ ինչ կտա ցեղասպանության ճանաչումը: Այս ամենը չի կարող չազդել նաև զինված ուժերի և պետության մարտունակության, իմունիտետի վրա:
Ադրբեջանի նախագահ Ալիևը կրկին հավակնություններ է ներկայացրել Սյունիքի նկատմամբ՝ հայտարարելով՝ Զանգեզուրն Ադրբեջանի հնագույն տարածքն է, որը թյուրքական աշխարհը միավորելու դեր կկատարի: Ազգային ժողովի պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն այսօր միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել այս սադրիչ հայտարարության վրա:
Տաթևիկ Հայրապետյան (ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր) - Մի կողմից խոսում են հնարավոր համակեցության մասին, մյուս կողմից հնչեցնում սադրիչ հայտարարություններ երկարատև խաղաղության հաստատման համար:
Այսպես կոչված Զանգեզուրի «միջանցքի» մասին Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարել է մի քանի անգամ: Հայկական կողմն ի պատասխան նշել է՝ «միջանցքի» մասին նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններում որևէ խոսք չկա: Պայմանավորվածությունը ենթադրում է տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակում: