Առաջիկա խորհրդարանական ընտրությունը մեր երկրի պետականության, ինքնության, իշխանության և ժողովրդավարության մեծագույն քննությունն է՝ ԱԺ արտահերթ նիստին հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
«Մենք գնում ենք մեր նորանկախ պետության՝ առանց չափազանցության՝ ամենաճակատագրական համապետական ընտրության՝ նախորդ հանցավոր ռեժիմներին ծառայած ընտրական հանձնաժողովներով և, ամենակարևորը՝ մեր պետությանն ու ժողովրդավարությանը պատերազմ հայտարարած հրեշավոր դատական համակարգով: Հենց ընտրական ակտիվ այս գործընթացների փուլում, կարծում եմ՝ նշանակալի է ՍԴ-ի դերը կրկին ներկայացնել որպես դատական համակարգի խորհրդանիշ և այդ համատեքստում ՍԴ-ի վերջին որոշումը հօգուտ գլխավոր ամբաստանյալի: Մի դատարան, որը կոչված է պաշտպանելու մեր երկրի սահմանադրական կարգը, սահմանադրական անվտանգությունը, երբ ձեր ընտրած դատավորների շնորհիվ, հարգելի՛ իշխանություն, մենք ունեցանք ՍԴ, որը պաշտպանեց ոչ թե սահմանադրական կարգը, այլ սահմանադրական կարգը տապալողին, և ինքն այդ որոշմամբ, ըստ էության, տապալեց սահմանադրական կարգը, և այս սահմանադրական դատարանով մենք գնում ենք ընտրությունների»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ նման դատական համակարգով գնալ ընտրությունների ուղղակի արկածախնդրություն է: