Երբ Ադրբեջանը թուրքական կոմերցիոն և «մահապարտ» անօդաչու թռչող սարքերով հաղթեց Ղարաբաղյան օդային պատերազմում, մեկ բան հստակ էր ամերիկացի ռազմական փորձագետների համար՝ այժմ զինվորականներին հետևելն ու սպանելն ավելի դյուրին և էժան է, քան երբևէ: Այս մասին հոդված է հրապարակել Foreign Policy պարբերականը:
Հակամարտության գոտիներում գործարկվող ոչ այնքան թանկ, մարտական անօդաչու թռչող սարքերի ավելացման պատճառով ոչ հեռավոր ապագայում զինվորականները կարող են սպանվել իրենց դիրքը կարճ ժամանակով լքելու և պետքարան գնալու ճանապարհին:
ԱՄՆ զինված ուժերի զինվորականներից մեկի հավաստմամբ՝ Ղարաբաղյան պատերազմից ակնհայտ է դառնում, որ ոչ միայն Միացյալ Նահանգները Չինաստանի նման մրցակցի կողքին օդային գերազանցություն չի ունենա, այլև՝ միանգամայն լուրջ օդուժ կարող են ձեռք բերել նաև աղքատ երկրները:
Այս հակամարտությունը ցույց տվեց, որ քիչ ֆինանսավորվող երկրները կարող են լայնածավալ պատերազմի մեջ մտնել, և պետք չէ ԱՄՆ կամ Ռուսաստան լինել, պետք չէ ունենալ հիանալի պատրաստված, տպավորիչ կարողություններով Միացյալ Նահանգների օդուժ՝ օդ-ցամաք կամ օդ-օդ ռազմական գործողություններին մասնակցելու համար:
Վեցշաբաթյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը գործարկել է թուրքական «Բայրաքթար TB2» ԱԹՍ-ներ և զինամթերք, որոնց մեծ մասն արտադրվել է Իսրայելում:
Որոշ փորձագետներ այն կարծիքին են, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմը ևս մեկ ապացույց է, որ անցել են այն օրերը, երբ Իրաքի պատերազմում ԱՄՆ զինված ուժերը վստահում էին լայնածավալ ռմբակոծություններին: