«Լուսավոր Հայաստան»ը նախընտրական շտաբ դեռ չի ձևավորել: Թեև արտահերթի անցկացման մասին քննարկումներին իրենց ուժը մասնակցել է, Սրբուհի Գրիգորյանը կարծում է՝ շտաբի մասին կարող են խոսել վարչապետի հրաժարականից հետո:
Սրբուհի Գրիգորյան, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր - Երբ որ կլինի հրաժարականը, արդեն կմտածենք շտաբներ ձևավորելու և ցուցակի մասին:
Քարոզարշավի ռազմավարությունը մշակել են, կլինեն մարզերում; Խմբակցության ներսում արդեն գիտեն, թե ովքեր են ցուցակի առաջատար եռյակում; Այս փուլում անուներ չեն հրապարակի: Հաջորդ համարների հարցում դեռ քննարկումներ են ընթանում: Էդմոն Մարուքյանն այս փուլում անլուրջ է համարում ցուցակ կազմելը: Թե ով կղեկավարի նախընտրական շտաբը, Մարուքյանը մոտավորապես գիտի:
Էդմոն Մարուքյան, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար - Ենթադրում եմ, որ նախընտրական շտաբը կղեկավարի Դավիթ Խաժակյանը: Եվ այն համակարգը, որը եղել է նախորդ երկու ընտրություններում, վերագործարկվելու է:
«Բարգավաճ Հայաստանը» ևս դեռ վաղաժամ է համարում նախընտրական շտաբ ձևավորելու հարցը: Արման Աբովյանն ասաց՝ ոչ շտաբի, ոչ էլ ցուցակների հարցում ոչինչ հստակ չէ:
Արման Աբովյան, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար - Բոլոր տեղեկությունները խնդրում եմ ստացեք պաշտոնական լրահոսից: Խոսքը գնում է մեր հայտարարությունների մասին, այս պահին զերծ կմնամ մեկնաբանություններից:
«Իմ քայլի» նախընտրական շտաբը ղեկավարելու է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը: Լիլիթ Մակունցը տեղեկացրեց՝ Սուրեն Պապիկյանի հետ շտաբը համակարգելու են Արսեն Թորոսյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Արայիկ Հարությունյանը: Վարչապետը հրաժարական կտա ապրիլի 20-ից հետո: Այդ պահից Նիկոլ Փաշինյանը լինելու է վարչապետի պաշտոնակատար, գործող կառավարությունը կշարունակի աշխատանքը մինչև նոր կառավարության ձևավորում։ Նախընտրական ցուցակի մասին խոսելը դեռ վաղ է:
Լիլիթ Մակունց, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար - Նախընտրական ցուցակի մասին առաջիկա լուրը կարող է լինել ոչ շուտ, քան մայիս ամսին:
Այս ընթացքում վարչապետի մարզային այցերը քարոզարշավի հետ որևէ կապ չունեն՝ վստահեցրեց Լիլիթ Մակունցը, հիշեցնելով՝ 2018-ից ի վեր Նիկոլ Փաշինյանը մարզային այցեր պարբերաբար է կատարում: Ընտրական մրցապայքարը դեռ չի սկսել և այդ այցերը, ըստ «Իմ քայլի» ղեկավարի, նման կոնտեքստում դիտարկելը տեղին չէ: