Խորհրդարանն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկում է ԱԺ պատգամավորներ Արման Բաբաջանյանի, Սերգեյ Բագրատյանի, Վահագն Հովակիմյանի, Համազասպ Դանիելյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում նախագիծը լրամշակվել է, որոշում է կայացվել օրինագծից հանել COVID-ով պայմանավորված բոլոր կարգավորումները: Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ նախագահի աշխատակազմից տեղեկացրել են, որ կորոնավիրուսի կարգավորումների հետ կապված խնդիրներ են տեսնում, և, ըստ նրա, օրենսդիրն ընդառաջ է գնացել:
Նշենք՝ օրինագծով սահմանվում էր կորոնավիրուսային հիվանդության պայմաններում ԱԺ ընտրությունների պատշաճ կազմակերպման և անցկացման հնարավորությունը: Այդ դրույթը հանվել է նախագծից:
Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը նշեց, որ Վենետիկի հանձնաժողովը հստակեցրել է, որ բաց համամասնական ընտրակարգի դեպքում թեև պայքարն ավելի շատ քաղաքական լիդերների միջև է, բայց ընտրողներն ավելի լավ են պատկերացնում, թե ինչպես է իրենց քվեն մանդատ դառնում, մինչդեռ տարածքային ցուցակների դեպքում պայքարն ընթանում է տեղական բիզնես մարդկանց ռեսուրսների միջև:
Նշենք՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է անցում կատարել պարզ համամասնական ընտրակարգի՝ վերացնելով տարածքային ընտրական ցուցակների միջոցով ընտրությունների անցկացման հնարավորությունը: