Մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը: Օրակարգում «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծն է:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը նշեց, որ մի քանի օրից ԿԸՀ-ն սկսելու է ընտրական հանձնաժողովների անդամների լիցենզավորման, դասընթացների գործընթացը, և դրանով էլ պայմանավորված է նախագծի հրատապությունը:
«Այս փոփոխությունները շատ կարևոր են, որպեսզի դրանք տեղի ունենան մինչև այդ գործընթացը սկսվելը, և արդեն հանձնաժողովների ապագա անդամները դասընթացների, լիցենզավորման ընթացքում փոփոխությունների իրացվածության պայմաններում լիցենզավորումն անցնեն»,- ասաց Հովակիմյանը:
Նա առաջարկեց ԸՕ նախագծի քննարկումը երկրորդ ընթերցմամբ կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց 24 ժամվա ընթացքում: Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի փաթեթի վերաբերյալ գրավոր առաջարկների, ինչպես նաև գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար կսահմանվի 3-ական ժամ: