Իսպանական Marca պարբերականը երեկ իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած Հայաստանի ազգային ընտրանու հաթանակից և 100 տոկոսանոց ցուցանիշով ԱԱ 2022-ի իր խմբում միանձնյա առաջատարություն ստանձնելուց հետո արձագանքել է դրան: Պարբերականն իր հոդվածը վերնագրելիս մեր ընտրանու գլխավոր մարզչին տվել է հայկական ազգանուն՝ Կապառոսյան: Vnews.am-ը թարգմանել է մեր ազգային ընտրանու փառահեղ հաղթանակի մասին հոդվածն ամբողջությամբ, որը ներկայացնում ենք ստորև:
«Ինչպիսի խենթություն ապրեցին հայերն իրենց հաղթանակով: Առաջին կեսում գնդակը Ռումինիայինն էր, բայց Հայաստանի հավաքականը վտանգավոր հակագրոհներ էր անցկացնում, ու միայն ռումինացիների դարպասապահն էր փրկում իր թիմին:
Երկրորդ խաղակեսն անհամեմատ ակտիվ սկսեց. գոլի հեղինակ դարձավ իր նորամուտը նշող Էդուարդ Սպերցյանը: 72-րդ րոպեին Հայաստանի հավաքականը ռումինացիների դեմ խաղում պարտվում էր 1:2 հաշվով, բայց խաղի ավարտը խելահեղ ստացվեց: Ռումինիայի ֆուտբոլիստը հեռացվեց, իսկ հայերը 2 գոլ խփեցին ու հաղթեցին: Հայերի մարզադաշտը թնդում էր, երկրպագուները՝ աղմկում: Դա բավական արտասովոր տեսարան է կորոնավիրուսի համավարակի այս ամիսներին: Եվ այս ամենն առանց թիմի մեգաաստղի՝ Հենրիխ Մխիթարյանի, որը «Ռոմայում» է խաղում:
Հաշիվը 2:2 դարձրեց Վարազդատ Հարոյանը, որի պատմությունը ցնցել էր շատերին: 2020-ին նա ժամանակավորապես թողել էր ֆուտբոլը՝ մասնակցելու պատերազմին: Ռումինիայի դեմ խաղում նա արդեն գոլ խփեց իր երկրի համար:
Կապառոսն այժմ իսկական հրաշք է գործում՝ Հայաստանի հավաքականի ղեկին լինելով ուղիղ մեկ տարի: Կապառոսի օրոք հայերն անցկացրել են 9 խաղ, տարել են 6 հաղթանակ, անցկացրել 2 ոչ-ոքի ու կրել ընդամենը մեկ պարտություն: Ընտրական այս մրցաշարում բաց են թողել 2 գոլ: Հայաստանի հավաքականը՝ որպես անկախ հանրապետություն, երբեք չի մասնակցել Մունդիալների կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին: Կապառոսի թիմն ամիսներ առաջ նաև հաղթեց Ազգերի լիգայի իր խմբում ու բարձրացավ B դիվիզիոն»,– գրում է պարբերականը: