Բուսաբանական այգու գողտրիկ հատվածում «Անկախության արահետի» հիմնադիրները երգիծաբաններն են՝ «Մեկից մեկ» նախաձեռնող խումբը: Անցած տարի սեպտեմբերի 1-ին 30 ծառ են տնկել, ցուցանակ փակցրել:
Հաջորդ ծառատունկն արդեն սեպտեմբերի 26-ին էր: Կաղնին տնկել են Կոմիտաս վարդապետի 151-ամյակի կապակցությամբ: Հետպատերազմական շրջանում՝ երկար դադարից հետո, այսօրվա կենաց ծառի տնկումը կյանքի շարունակականության ու ապրիլմեկյան խորհուրդն ունի:
Խորհրդանշական ծառը բոլորով են տնկում: Մեկ բահ հող էլ իրենց ընկերոջ՝ պատերազմում հերոսացած մնջախաղաց-դերասան Հովհաննես Հաջինյանի անունից:
Վստահ են՝ իրենց նախաձեռնությունը վարակիչ կդառնա: Ամեն մեկն իր ծառով ամայի տարածքներին կենդանություն կտա: Բուսաբանական այգու այս հատվածում ոռոգման խողովակներ չկան: Հույս ունեն՝ սրտացավ մարդիկ խնդրին լուծում կտան:
Խորհրդանշական այլ օրերի այստեղ կրկին ծառեր կտնկեն՝ Բուսաբանականի այս հատվածին նոր հմայք տալով: Բայց մինչ այդ մեկ լուսանկար՝ ապրիլիմեկյան ծառատունկից: