Մարտունիում կայացած հանդիպմանն Արցախի նախագահը հերքել է ստվերային պայմանավորվածության մասին լուրերը: Կարմիր Շուկան եղել և կմնա Արցախի վերահսկողության տակ՝ հայտարարել է Արցախի ղեկավարը: Արայիկ Հարությունյանի գնահատմամբ՝ ապատեղեկատվությունը տարածում են ինքնահաստատման խնդիր ունեցող հայաստանյան քաղաքական գործիչները:
Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ) - Կեղծ հայրենասիրական օրակարգով փորձում են մեղադրել մեզ, թե, իբր, մենք պատրաստվում ենք ինչ-որ գործարքներ իրականացնել ինչ-որ նպատակներով: Նախ՝ ուզում եմ նշել, հարցնել այդ կեղծ հայրենասերներին, հարցնել, թե ո՛ւր էին, երբ Կարմիր Շուկան ավելի քան 15 օր վտանգված էր, և ամեն մի վայրկյան հակառակորդը փորձում էր զավթել, խլել մեզնից Կարմիր Շուկան:
Սահմանամերձ գյուղում մեկնարկում է ավելի քան 150 բնակարանի շինարարություն, որից հետո այստեղ կհաստատվեն տեղահանված ընտանիքներ:
Արայիկ Հարությունյան - Եվ այդ մարդիկ մեզ մեղադրում են, որ Կարմիր Շուկան պատրաստվում ենք հանձնել: Պետք է տգետ լինել ու չհասկանալ, որ եթե կառուցում ենք, ապա ինչպե՞ս ենք հանձնում: 150 չէ, ավելի շատ բնակարաններ ենք կառուցելու: Եվ, ընդհանուր առմամբ, ուզում եմ նշել, որ որևէ ստվերային համաձայնություն որևէ փուլում չի լինելու: Մենք ունենք հստակ օրակարգ:
Արայիկ Հարությունյանը հայտարարել է՝ օրակարգում Արցախի անկախության միջազգային ճանաչումն է և այս փուլում քաղաքական ճանապարհով պայքարը նախկին ինքնավար մարզի տարածքի համար: