Կառավարության որոշմամբ Արցախյան պատերազմներին վնասվածք ստացած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց աշխատանքի տեղավորելու դեպքում գործատուին կտրամադրվի ֆինանսական աջակցություն:
«Միջոցառման շրջանակներում առաջարկվում է աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անձի համար՝ գործատուին տրամադրել աջակցություն՝ այդ անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը 100000 դրամի չափով: Ընդ որում, բացի այս աջակցությունից, առաջարկվում է նաև միանվագ փոխհատուցում տրամադրել 500000 դրամի չափով աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում կատարված ծախսերի մասով, մասնավորապես՝ թեքահարթակների կառուցման կամ այլ անհրաժեշտությունների»,- տեղեկացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ Կառավարության նիստին ներկայացնելով որոշման նախագիծը: Նախարարը նաև տեղեկացրեց, որ նախագծում խոսքը ոչ միայն Արցախյան վերջին պատերազմի հետևանքով վիրավորում ստացածների, այլև նախորդ պատերազմների ընթացքում վիրավորում ստացած և զինհաշմանդամ համարվող քաղաքացիների մասին է: