Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում է տարածել այսօր Կառավարության նիստում
ընդունված «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի առնչությամբ:
««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է Հայաստանում սոցփաթեթի շահառու շուրջ 147.500 քաղաքացու համար տրամադրվող ծառայություններն ավելացնել։
Ըստ այդմ՝ սոցփաթեթի համար հատկացվող միջոցները կուղղվեն նաև մարզաառողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար սահմանված վճարի, ինչպես նաև պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարմանը։
Տեղեկացնենք, որ սոցփաթեթի շահառու են հանդիսանում ոչ միայն պետական կառավարման համակարգի աշխատողները, այլ նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների, գրադարանների, թանգարանների, համերգային կազմակերպությունների, թատրոնների և մի շարք այլ կազմակերպությունների աշխատողներ: Հարկ է նշել, որ սոցփաթեթի շահառու չեն հանդիսանում քաղաքական, պետական վարչական պաշտոն զբաղեցնող և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք:
Հիշեցնենք, որ սոցիալական փաթեթի միջոցները հնարավոր է ուղղել նաև շահառուի՝ Հայաստանում և Արցախում հանգստի կազմակերպմանը, հիփոթեքային վարկի ամսական վճարի, ուսման վճարի մարմանն ու սոցփաթեթի շահառուի առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթի և (կամ) սոցփաթեթի շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության նվազագույն բազային փաթեթի ձեռքբերմանը»,- ասված է պարզաբանման մեջ։