Ռեյտինգային ընտրակարգն իր ներդրման օրվանից մշտապես եղել է քննադատության առարկա թե՛ քաղաքական ուժերի, թե՛ ՀԿ-ների, թե՛ մասնագիտական շրջանակների կողմից, և այս համակարգի ներդրման պահից կա հանրային պահանջ, որ այն պետք է փոխվի՝ հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ ներկայացնելով ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը:
Հովակիմյանի խոսքով՝ քաղաքական ճգնաժամի պայմաններում ընտրություններն այն հաղթահարելու միակ ժողովրդավարական տարբերակն են, և այդ գործընթացը պետք է կազմակերպվի այնպես, որ ընդունելի լինի մեր երկրի, հանրության, շահագրգիռ կողմերի համար:
«ԱԺ ընտրությունները մաքուր համամասնական ընտրակարգով անցկացնելու շուրջ քաղաքական ուժերի շրջանում առկա է եղել լայն համախոհություն: Ռեյտինգային ցուցակներից հրաժարվելու հանգամանքը 2018 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ որպես նախընտրական ծրագիր արտացոլված է եղել խորհրդարանի բոլոր երեք քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում: Ներկայիս խորհրդարանի երեք քաղաքական ուժերը 2018 թվականի հոկտեմբերին կողմ են քվեարկել Ընտրական օրենսգրքի նախագծի փոփոխություններին, որով նախատեսվում էր հրաժարվել ռեյտինգային ցուցակներից»,- ասաց Հովակիմյանը՝ նշելով, որ այդ հարցի շուրջ կան հանրային պահանջ և լայն համախոհություն, ըստ այդմ՝ պետք է հրաժարվել ռեյտինգային ցուցակներից: Պատգամավորը նաև ընդգծեց, որ օրինագծում կան կարգավորումներ, որոնք վերաբերում են կորոնավիրուսի փաստով ստեղծված իրավիճակին: Առաջարկվում է համապատասխան իրավական հիմքեր սահմանել ընտրական գործընթացները կարանտինի պայմաններին համահունչ կազմակերպելու համար: