Մարտի 26-ին, ժամը 15.50-ին, ոստիկանություն է զանգահարել մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչ մի կին: Ահազանգը բնակարանային գողության մասին էր: 39-ամյա կինը հայտնում էր, որ այդ օրը, ժամը 10.30-ից 15.40-ն ընկած ժամանակահատվածում, երբ ինքը բացակայել է տնից, դուռը բացել և գողացել են փող ու ոսկեղեն:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր, տուժած կնոջից ընդունել հաղորդում: Ուսումնասիրվել է հանցագործության վայրը. տունը խառնշտորած էր, բայց ո՛չ կողպեքն էր կոտրած, ո՛չ դուռ ու պատուհան կար վնասված: Կարելի էր եզրակացնել, որ կատարվածը, այսպես ասած, պրոֆեսիոնալի գործ էր:
Արաբկիրի քրեական հետախույզները, համագործակցելով բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի աշխատակիցների հետ, անցել են բացահայտման գործին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 11.20-ի սահմաններում երկու տղամարդ, բժշկական դիմակներով և գլխարկներով, կասկածելի վարքագծով, մտել են շենքի մուտք և մոտ կես ժամ անց դուրս եկել տոպրակներով:
Օպերատիվ հարցումներ են անցկացվել շենքում և հարակից տարածքներում: Պարզվել է, որ տղամարդիկ տեղի բնակիչ չեն: Կասկածներն ավելի հիմնավոր են դարձել, երբ պարզվել է, որ նույն անձինք նույն շենքի նույն մուտք մտել են նաև նախորդ օրը, ուսումնասիրել տարածքը: Մնում էր գտնել այդ տղամարդկանց:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ գողությունից հետո տղամարդիկ քայլել էին դեպի Բաղրամյան պողոտա, նստել պատահական տաքսի, ուղևորվել Նոր Նորքի երկրորդ զանգված: Այստեղ, ամենայն հավանականությամբ, հետքը կորցնելու նպատակով իջել և այլ տաքսի էին նստել ու մեկնել Ջրվեժ: Հաջողվել է պարզել նաև, որ տղամարդիկ բնակություն են հաստատել Ջրվեժի հյուրանոցային համալիրներից մեկում:
Դեպքի հաջորդ օրը բնակարանային գողության բացահայտումն ամբողջացել է: Մարտի 27-ի երեկոյան Արաբկիրի քրեական հետախույզները ոստիկանության Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ մեկնել են Ջրվեժ: Հյուրանոցային համալիրում, որտեղ ժամանակավոր բնակվում էին, նրանք հայտնաբերվել են ու բերման ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին: Նրանցից մեկի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է բնակարանից գողացված ոսկե շղթան:
Տղամարդիկ ոչ միայն մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի, այլև, ընդհանրապես, ո՛չ Երևանի, ո՛չ էլ Հայաստանի բնակիչ չէին: Օտարերկրացիներ 32 և 44 տարեկան տղամարդիկ, ըստ նախնական տեղեկության, Հայաստան էին եկել, ինչպես իրենք են ասում` «գաստրոլների»: Բացի իրեղեն ապացույց ոսկյա շղթան, խուզարկությամբ հայտնաբերվել է նաև այլ ոսկեղեն ու խոշոր գումար:
Քննությամբ դեռ կպարզվի դրանց ձեռքբերման աղբյուրը, նաև, թե էլ ինչ հանցավոր արարքներ են գործել: Կան տվյալներ, որ նրանք նախկինում արդեն իսկ դատապարտված եղել են: Իսկ մեր ոստիկանների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում ոչ միայն բացահայտվել է բնակարանային գողությունը, այլև կասեցվել օտարերկրացիների վտանգավոր «հյուրախաղերը» Հայաստանում:
Երկուսն էլ ձերբակալվել են: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: