Ապրանքի գինը կա, ապրանքը չկա։ Խոսքը հատով վաճառվող հավկիթի մասին է։ Օրվա ընթացքում սուպերմարկետները ստանում են, վաճառում 76 դրամով, բայց՝ սահմանափակումներով։ Գոնե այսպես համեմատաբար էժան ձուն փորձում են հասնելի դարձնել շատերին։
Տաթև Պետրոսյան (սուպերմարկետի մենեջեր) - Յուրաքանչյուր անձին տրվում է 15 հատ։ Օրվա մեջ լինում է, որ չենք ունենում հատով հավկիթ։
Հավկիթի շուկան ու արտադրողները հայտնվել են Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի խոշորացույցի տակ։ Ի վերջո, ով է մեղավոր, որ Զատկի տոնին ընդառաջ հավկիթի շուկայում դեֆիցիտ նկատվեց, ու գին բարձրացավ։ Հակամոնոպոլ մարմինն արդեն յոթ թռչնաֆաբրիկայի մասով վարույթ է հարուցել։ Բացի դրանից՝ շրջում են սուպերմարկետներով, արձանագրում ամենօրյա իրավիճակը:
Մերուժան Խաչատրյան (ՏՄՊՊՀ անբարեխիղճ մրցակցության վերահսկողության վարչության մասնագետ) - Հաշվի առնելով վերջին օրերին մեծ պահանջարկը մոտեցող տոների հետ կապված՝ ամենօրյա ռեժիմով այցելում ենք խանութներ և ֆիքսում ենք տվյալ պահին առկա իրավիճակը. գինը, առկայությունը ձվի, տեսականին։
Խոշոր սուպերմարկետներում հավկիթ կա, բայց փաթեթավորված ու գինն էլ 90 դրամից ավելի։ Եվս մի քանի օր, ու հավկիթի շուկան կկարգավորվի՝ հավաստիացնում է թռչնաբույծների միության նախագահը։ Ուշ աշնանը ներկրած ճտերն արդեն սկսել են ձվարկել։
Սերգեյ Ստեփանյան (Թռչնաբույծների միության նախագահ) - Մոտ 150-180 հազար ձվի ավելացում ենք սպասում։ Այսօր արտադրվում է 850-880 հազար։
Շուկայում պակասը կվերականգնվի, սակայն, թե ինչ կարժենա մեկ ձուն՝ թռչնաբույծների միության նախագահը դժվարանում է կանխատեսել։ Իսկ հակամենաշնորհային մարմինը դեռ կպարզի՝ տոնին ընդառաջ հավկիթի պակասն ու գնի բարձրացումը արհեստական էր թե ոչ։ Որոշումը կհրապարակեն երեք ամսվա ընթացքում: