Աշոտ Գասպարյան (վարորդ) - էս ավտոները ջարդվում են փոսերի մեջ, գիտես ինչ փոսեր են՝ փոս չի՝ թոնդիր է, հարամ ա էս քաղաքում ավտո քշելը:
Վարորդներին նյարդայնացնող փոսերից՝ Բագրատունյաց պողոտայինը, առավոտից լցնում էին: «Ասֆալտի կարկատանը» տվյալ դեպքում՝ բառացիորեն ձեռքի աշխատանք էր:
Գագիկ Եղիազարյան («Նարիմանյան» ընկերության ղեկավար) - էսպիսի փոքր փոսերը ձեռքով են անում, որովհետև տեխնիկայի լայնությունը թույլ չի տալիս, երեկվա փռածը տեխնիկայով է:
Բանվորների պես խաղաղ, համբերատար հատ ու կենտ մեքենայատեր կա ղեկին:
Ուշացումների մեղավորը ասֆալտ նորոգողը չէ, այլ՝ եղանակը, պարզաբանում են Երևանի քաղաքապետարանից: Ընթացիկ այս աշխատանքներում 8 ընկերություն են ներգրավել, որ գործն արագ առաջ գնա, բայց՝ խոնավ մարտի անձրևները քիչ էին, ձյունն էլ խանգարեց:
Գրիգոր Հարությունյան (Երևանի շինարարության և բարեկարգման վարչության պետ) - Տեսեք՝ էս փողոցը կիրակի կտրել ենք, էսօր իրիկունը կլինի, մաքսիմում՝ 3-րդ օրը, կիրակի ձյուն էր գալիս: Էդ ժամանակ էլ ասելու են՝ «անձրևի տակ ասֆալտապատում են իրականացնում»:
Ի դեպ, վարորդների հեգնանքին՝ թե «անձրև չգա, մերոնք ասֆալտ չեն թափի», Հարությունյանը հակադարձում է. Մոսկվայի ասֆալտից խոսողները թող գնան-տեսնեն՝ ռուսներն ինչպես են անձրևի տակ գործ անում, կարևորը՝ փոսում կուտակված ջուր չլինի: 3 օր առաջ գործուղմանն անձամբ է համոզվել:
Գրիգոր Հարությունյան - Անձրևի ժամանակ թույլատրելի է՝ տեսեք՝ տվյալ գլդոնը ավելի շատ ջուր է անում, քան անձրևը կանի, ավելի լավ՝ շուտ է սառեցնում:
Այդուհանդերձ, քանի արև է՝ նույն ընկերության բանվորներն անգամ մի քանի խմբի են բաժանվել՝ մեկը հարթեցնում, մյուսը փոսերն է նախապատրաստում, երրորդը՝ մեկ այլ հասցեում ճանապարհի վնասված հատվածը քերում-մաքրում է:
Դավիթ Ալեքսանյան («Նարիմանյան» ընկերության աշխատակից) - Մեր հետևից փռելով գալիս են, հիմիկվա դրությամբ Երևանյան լճի մոտից գալիս են:
Տեխնիկայի աշխատանքին, խցանման մեջ հետևող վարորդներն, այստեղ նույնպես, Մոսկվայի փորձն են հիշեցնում:
Գիշերը բնակելի թաղամասում աղմկոտ գործ անելիս տուգանվում են: Բացի դրանից՝ գիշերվա աշխատանքի համար մարդկանց պետք է կրկնակի-եռակի վճարեն, այդքան գումար քաղաքապետարանը չունի: Անհրաժեշտ ֆինանսավորում լիներ՝ ասֆալտի տակ հողի մաշված պաստառի հարցը կլուծեին՝ ասում է Հարությունյանը:
Գրիգոր Հարությունյան - Ասֆալտի 4-5 սմ-անոց ծածկը չի կարող փոս պահել: Երևանը 26 մլն քառ. մետր է, մեր ծավալը՝ 535 հազար: 1.5 տոկոսով անհնար է պատշաճ վիճակ ունենալ:
Առաջիկա ամսիներին հիմնավոր վերակառուցվող փողոցներում, փոսերի կողքերը չեն էլ կտրտում: Մաքրում, ասֆալտ են լցնում, թույլատրում՝ մեքենաներն անմիջապես անցնեն վրայով: Խնդիր չէ, կդիմանա՝ պնդում են բանվորները:
Այստեղ վերջ: Շտապում են հաջորդ փոսը փակել: Մայրաքաղաքում այս փուլի 535 հազար քառակուսի մետր ասֆալտը փռել-վերջացնելուն, քաղաքապետարանից խոստանում են, մնաց մի քանի ժամ: Հանձնարարված է.
Գրիգոր Հարությունյան - Ամենաուշը վաղը կեսօրին Երևան քաղաքում փոս չի լինի: