Այս փուլում շատերին հետաքրքրող հարց է, թե ի՞նչ է իրենից ներկայացնում կորոնավիրուսի հակամարմինը և ինչպես են պարզում մարդու օրգանիզմում դրանց քանակը: Տեսանյութում հենց այդ պրոցեսն է. արյան փորձանմուշ է վերցվում և լաբորատոր հատուկ փորձաքննությամբ պարզվում է, թե կորոնավիրուսով վարակված լինելու ժամանակ որքան հակամարմին է ձեռք բերել ձեր օրգանիզմը: Եթե ոչ բժշկական տերմինով ասենք, պատկերավոր լեզվով հակամարմինները Ձեր օրգանիզմում ձևավորված այն զինվորիկներն են, որոնք Ձեզ պաշտպանում են հետագայում այդ նույն վիրուսով վարակվելուց:
Վարակված-առողջացած մարդկանց շրջանում արդեն մեկ տարի գիտական հետազոտություն անցկացնելուց հետո բժշկական համալսարանը նախնական տվյալներ է հրապարկում, թե արդյո՞ք բոլորի մոտ ձևավորվում են հակամարմիններ, որքա՞ն են դրանք պահպանվում մարդու օրգանիզմում և, հետևաբար, որքան ժամանակ է մարդը պաշտպանված երկրորդ անգամ նորից վարակվելուց: Ըստ այս հետազոտության, փաստորեն, միջին հաշվարկով՝ 10 ամիս:
Արմեն Մուրադյան, ԵՊԲՀ ռեկտոր - Նախնական տվյալներով՝ արդեն կարող եմ ասել, որ շուրջ 5-6 տոկոսի մոտ ուղղակի հակամարմիններ չեն լինում: Միջինը մոտ 10 ամիս է տևում, որ հակամարմինները մենք կարողանում ենք դեռևս հայտնաբերել:
Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք բնական ճանապրհով են իմունիտետ ձեռք բերել, այսինքն՝ հիվանդանալու հետևանքով: Հայաստանում պատվաստումների մեկնարկից հետո բժշկական համալսարանը հետազոտություն կանցկացնի նաև պատվաստված մարդկանց շրջանում: Ռեկտորը շարունակում է մնալ այն կարծիքին, որ առավել ցանկալի է վիրուսի հանդեպ իմունիտետ ձեռք բերել արհեստական՝ պատվաստման ճանապարհով, քան հիվանդանալով:
Արմեն Մուրադյան - Պետք չէ սպասել հիվանդանալու պահին, որ ձևավորես քո իմունիտետը: Կարող ես դա անել նաև արհեստական ճանապարհով, իսկ թե ինչ տեսակի պատվաստանյութ, սա երկրորդ հարցն է արդեն: Կարծում եմ՝ պետք է տալ հնարավորություն ժողովրդին, որ ինքն ընտրի, բայց ոչ թե ընտրի հիվանդանալու և պատվաստվելու միջև հիվանդանալը՝ պաշտպանություն ձևավորելու համար:
Մեկ տարում համալսարանի հետազոտությանը մասնակցել է շուրջ 900 մարդ՝ կամավորության սկզբունքով: Հետազոտությունները դեռ շարունակվելու են և պլանավորվում է նաև բջջային մակարդակի իմունիտետի խնդիրների վերլուծություն: Քանի որ ոչ բոլոր մարդկանց մոտ է հակամարմին ձևավորվում, մասնագետները կհետազոտեն, թե օրգանիզմի պաշտպանական մեկ այլ՝ բջջային մակարդակում կորոնավիրուսից հետո պաշտպանական ինչպիսի համակարգ է ձևավորվում: