Արցախյան հակամարտության շուրջ տեղի են ունենում խմորումներ, որոնք, առաջին հայացքից, ուղիղ կապ չունեն հակամարտության քաղաքական կարգավորման հետ, սակայն ինչպես այլ, այնպես էլ կոնկրետ այս դեպքում էական են մանրուքները։ Խոսքը, մասնավորապես, վերջին շրջանում Բեռլինի ու Բաքվի միջև չափազանց սրված հարաբերությունների մասին է։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանի և ԳԴՀ-ի միջև հարաբերությունների լարումը սկսվեց դեռևս հունվարին, երբ Գերմանիայի ֆեդերալ իշխանությունները Բունդեսթագի պատգամավորներից երկուսին՝ Էդուարդ Լինթներին և Կարին Շթրենցին, մեղադրեցին հօգուտ Ադրբեջանի լոբբինգ անելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Բունդեսթագը երկու պատգամավորին էլ զրկեց անձեռնմխելիությունից, ինչը, բնականաբար, լարեց ալիևյան ռեժիմի ներկայացուցիչներին՝ այն պարզ պատճառով, որ դրանով, ըստ էության, ակնհայտ դարձավ, որ գերմանացի իրավապահների ձեռքում հայտնվել են պատգամավորների մեղավորությունը հաստատող երկաթբետոնե ապացույցներ։ Ըստ որում՝ եթե Շթրենցի դեպքում խոսքը վերաբերում է զուտ Բունդեսթագում լոբբիստական գործունեությանը, ապա Լինթների հետ կապված խնդրի աշխարհագրությունն ավելի լայն է, քանի որ նրան մեղադրում են ոչ միայն Ադրբեջանից կաշառք ստանալու, այլև Եվրախորհրդարանի պատգամավորներին կաշառելու համար։
Այսպես թե այնպես, այս ամենը սպառնում էր վերածվել Բաքվի համար արդեն «սովորական» դարձած կոռուպցիոն հերթական սկանդալի, եթե տեղի չունենար անսպասելին՝ կոռուպցիայի համար մեղադրվող պատգամավորներից մեկը «հանկարծ» մահացավ։ Անցած կիրակի Կարին Շթրենցը Կուբայից Գերմանիա ուղևորվող ինքնաթիռում հանկարծամահ եղավ, ինչը, ճիշտ է, դեռ ոչ պաշտոնական մակարդակում լրջագույն կասկածների տեղ տվեց՝ հատկապես եթե հաշվի առնենք, որ Բաքուն առաջին անգամ չի հայտնվում «անհարմար» մարդկանց մահվան համար մեղավոր լինելու կասկածների կիզակետում։ Մասնավորապես, 2017 թվականին սպանվեց մալթացի լրագրող Դաֆնե Կարուանե Գալիցիան, որը հետաքննում էր Իլհամ Ալիևի օֆշորային հաշիվների և Մալթայի վարչապետի միջև եղած կապը։ Ճիշտ է, արդյունքում Մալթայի վարչապետը հասարակական ճնշման արդյունքում հրաժարական տվեց, սակայն փաստն այն է, որ լրագրողի սպանությունից հետո այս գործը «թաղվեց»։
Ըստ երևույթին, պաշտոնական Բեռլինը Բունդեսթագի պատգամավորի մահվանն ավելի լուրջ է վերաբերվում, քան Մալթայի իշխանությունները՝ լրագրողի սպանությանը, և օրեր առաջ Բաքվին դա ակնհայտորեն ի ցույց դրվեց։ Ադրբեջանում Գերմանիայի դեսպանը հրաժարվել է մեկնել «հայկական օկուպացիայից ազատագրված ադրբեջանական շրջաններ», ինչը դիվանագիտական լրջագույն սկանդալի առիթ է դարձել։ Դեսպան Վոլֆգանգ Մայնինգն արդեն երրորդ օրն է, ինչ հայտնվել է ադրբեջանական իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցների ու գրպանային քաղաքական գործիչների հարձակման թիրախում, և գործը հասել է այնտեղ, որ կոչեր են հնչում նվազագույնի հասցնել Ադրբեջանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության հարաբերությունները։ Մասնավորապես, Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զիլֆուղարովը պնդել է, թե քանի որ հնարավոր չէ Մայնինգին persona non grata (անցանկալի անձ) հայտարարել, ապա Բաքուն պարտավոր է միջոցներ ձեռնարկել, որ դեսպանը չկարողանա լիարժեքորեն իրացնել շահերն այն երկրի, որի ներկայացուցիչն է։
Թե ի՞նչ արձագանք կտա ադրբեջանական այս հարձակումներին պաշտոնական Բեռլինը՝ դեռ պարզ չէ։ Համենայնդեպս, դժվար է ենթադրել, որ Գերմանիան անարձագանք կթողնի իր ու իր դեսպանի հասցեին հնչող լուտանքները՝ հատկապես եթե հանկարծ պարզվի, որ Կարին Շթրենցի մահը ոչ թե սոսկ պատահականություն էր, այլ դրանում կա նաև մարդկային գործոն։ Ասենք՝ սրան զուգահեռ, գերմանացի իրավապահները, որոնք մարտի սկզբին տակնուվրա էին արել Շթրենցի բոլոր գրասենյակներն ու բնակարանը, հիմա փորձում են նաև պարզել, թե ի՞նչ էր փնտրում կոռումպացված պատգամավորը հեռավոր Կուբայի արևոտ ափերում։