Աշխարհի կենսառիթմը փոխած համավարակի պատճառով տարբեր երկրներ սկսեցին առավել զարգացնել արհեստական շնչառության սարքերի արտադրությունը: Կորոնավիրուսի վարակման տեմպի աճին զուգահեռ աշխարհում նկատվեց արհեստական շնչառության սարքերի դեֆիցիտ. տարբեր երկրներ սկսեցին զարգացնել այդ սարքերի արտադրությունը:
Հայաստանն էլ այդ գործընթացից անմասն չմնաց: Արհեստական շնչառության 5 հայկական արտադրության սարքավորման նմուշ արդեն ամբողջությամբ պատրաստ է: Ինժեներական հատվածն ավարտված է, բայց մասնագիտական զննման ու կլինիկական թեստավորման փուլը դեռ առջևում է:
Գուրգեն Մարդոյան, YEA ENGINEERING ընկերության տեխնիկական տնօրեն - Հիմա կարող եք տեսնել, թե ինչպես է 5 սարքավորումներից մեկը միացված թոքերի սիմուլյատորի սարքին, որը որ սիմուլացնում է մարդու թոքերի աշխատանքը: Այն ճիշտ սարքավորում է, որը գնել ենք այս պրոյեկտի շրջանակներում՝ հատուկ մեր նախագծած սարքը ստուգելու և ստուգաչափելու համար:
Դեռ նախորդ տարի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կոչ արեց արհեստական շնչառության սարքերի նախագծման առաջարկներ ներկայացնել:
Գուրգեն Մարդոյան - Պետությունն ինժեներական քաղաքին հատկացրեց 90 միլիոն դրամ այս աշխատանքների համար, մրցույթ անցկացրեց, մենք հաղթեցինք և 4 փուլով իրականացրեցինք այս սարքի պատրաստումը:
Ինժեներներն ուրախ են, որ հաջողվել է կարճ ժամանակում նման արդյունք ունենալ, որով ապացուցվում է, որ Հայաստանի տեխնոլոգիական համայնքը կարող է արագ արձագանքել մարտահրավերներին ու աշխարհին համընթաց քայլել: Այս հարցում իրենց փորձն ու գիտելիքը կիրառել է շուրջ 15 աշխատակից:
Ռալֆ Տոնապետյան, YEA ENGINEERING ընկերության ինժեներ - Մենք այս դիզայնն արել ենք՝ իմանալով մեր Հայաստանի տեխնոլոգիան, իմանալով, որ Քովիդի ժամանակ ինչ սահմանափակումներ ունենք, որ այս սարքը կարողանանք ավելի շուտ սարքել, հեշտ դիզայն լինի՝ նկատի առնելով ինչ գործիքներ ունենք, որ կարողանանք ավելի շուտ և ավելի շատ կյանքեր փրկել:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում հույս ունեն, որ զարկ կտրվի նման սարքավորումների արտադրությանը, իսկ բժշկական սարքաշինությունը մեծ զարգացում կապրի։