Երկրում լարված համաճարակային իրավիճակ է, թվերի կայուն աճ կա: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարի խոսքով՝ արդեն երկու շաբաթ է՝ հակահամաճարակային միջոցառումները խստացվել են, դրանց նկատմամբ վերահսկողությունը նույնպես խստացվել է: «Հիվանդության աճի կորը կախված կլինի իրավիճակից, եթե բոլոր միջոցառումները պատշաճ կատարվեն, կարող ենք զսպել կորի աճը և թույլ չտալ, որ համավարակը տարածվի»,- ընդգծեց Ավանեսյանը:
Նա հայտնեց, որ այս պահին հոսպիտալացված է ավելի քան 2160 քաղաքացի, կան նաև հոսպիտալացման հերթին սպասողներ, որոնք, ըստ նախարարի, 1 օրվա ընթացքում տեղավորվում են հիվանդանոցներում: «Բժշկական ծավալն ամեն օր մեծացվում է, այս պահին 20 բժշկական կենտրոն զբաղվում է կորոնավիրուսի բուժմամբ, մահճակալային ֆոնդն ամեն օր 100-ներով ավելանում է»,- նշեց նա:
Նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանում արձանագրվել է կրկնավարակի 540 դեպք, ամբողջ աշխարհում կրկնավարակի դեպքերը հասնում են 20 հազարի, ինչն, ըստ Ավանեսյանի, մեծ թիվ չէ:
Նշենք՝ Հայաստանում այսօր հաստատվել է կորոնավիրուսի 1148 նոր դեպք, առողջացել է 459 մարդ, մահվան դեպքերը 18-ն են: