Նախորդ տարվա նոյեմբերին Հայաստանը միացավ «Կովակս» հարթակին, որի շրջանակում Հայաստանին նույնպես առաջարկվեց ձեռք բերել «Աստրազենեկա» պատվաստանյութ՝ հաշվի առնելով դրա ռիսկերը և արդյունավետությունը և հիմնվելով մասնագիտական կառույցների գնահատականի վրա: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա նշեց, որ նախարարությունը հետևում է կատարվող բոլոր հետազոտություններին, իսկ առաջիկայում խորհրդատվություն կտրամադրվի, թե ինչպես կիրառել «Աստրազենեկա» պատվաստանյութը, ինչ տարիքից և այլն:
Ավանեսյանի խոսքով՝ հայկական կողմը բանակցություններ է վարում նաև այլ պատվաստանյութերի, այդ թվում՝ «Մոդեռնայի» և «Ֆայզերի» ձեռքբերման առումով՝ ապահովելու Հայաստանում արդյունավետ և ապահով պատվաստանյութերի օգտագործումը:
Նախարարն ասաց, որ Հայաստան ներկրված «Աստրազենեկա» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափը 12 հազար մարդու համար է, և առաջինից երկրորդ պատվաստման ժամանակահատվածը պետք է 8-12 շաբաթ լինի: ավանեսյանը հայտնեց, որ հերթագրումներն արդեն սկսվել են, ցանկացողները շատ են, ինչը ուրախալի է: Ավանեսյանը նշեց, որ այս փուլում վճարովի պատվաստում չի իրականացվելու: