Առանց դիմակի վարորդ, ուղևոր՝ ինչպես այս դեպքում, վերջին շրջանում սովորական պատկեր է: Հակահամաճարակային կանոնների պահպանմանը հետևող տեսչական մարմինները ոստիկանության հետ համատեղ ուժեղացված ստուգայց են սկսել:
Վարդգես Ռուբենյան (ԱԱՏՄ տեսուչ) - Վարորդը դիմակ չէր կրում, արձանագրեցինք, իրազեկեցինք ուղևորներին ևս, որ դիմակ կրեն: Այս դեպքում նախատեսվում է նախազգուշացումից մինչև 300.000 դրամ տուգանք, կրկնվելու դեպքում՝ 150.000-500.000 դրամ տուգանք:
Մեկ այլ դեպքում «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր»-ը խնամքով փակցված է, բայց ուղևորներին տեղափոխող երթուղայինի վարորդը, պարզվեց, գիծ է դուրս եկել առանց վարորդական վկայականի:
Գոռ Հարությունյան (ՔՏՀԱՏՄ տեսուչ) - Մեքենան կգնա տուգանային հրապարակ ճանապարհային երթևեկության ուղեկցությամբ:
Տուգանելը չէ, որ տեսչականի կամ ոստիկանության նպատակն է, այլ կորոնայի աճով պայմանավորված հակահամաճարակային կանոններին հետևելը,- հավելում է ուժեղացված ստուգայցին հետևող տեսչական մարմնի պատասխանատուն:
Արթուր Արաբաչյան (ՔՏՀԱՏՄ Երևանի տրանսպորտի անվտանգության բաժնի պետ) - Առաջինը ուշադրություն ենք դարձնում մի քանի կետի, որ վարորդները և ուղևորները լինեն դիմակով, լինի ախտահանիչ հեղուկ, լինի մանրադրամի համար տուփ, տրանսպորտը չլինի գերբեռնված: Բայց երեկոյան ժամերին գերբեռնված է լինում: Երեկոյան պիկ է լինում, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը արձանագրություններ է կազմվում, և օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվում:
Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտից՝ դպրոցներ. տեսչական մարմինները շարունակում են ստուգայցը: Ինչպե՞ս է պահպանում հիգիենան հանրակրթական դպրոցներում:
Բուժքույրը տեղում է, ախտահանիչ միջոցները տեսանելի են: Տեսուչներին դիմավորում են պարտադիր ջերմաչափելով:
Դիմակ դնել, ախտահանվելը պարտադիր է, բայց պետք է նաև ճիշտ կրել. դիմակը քթի տակ պահող աշակերտին ուղղում է տեսուչը:
Նարինե Բաբլոյան (ուսուցչուհի) - Նորմալ հաճախում են երեխաները, նորմալ դիմակ են կրում, անհանգստացնող վիճակ չկա, բացակայություններ չունենք:
2062 աշակերտ երկու հերթով են հաճախում դպրոց: Բացակաների թիվը մեծ չէ: Ուսուցիչներից ով վիրուսով վարակվել, արդեն առողջացել, վերադարձել է:
Արմինե Գրիգորյան (Երևանի Նիկոլ Աղբալյանի անվ. դպրոցի տնօրենի պաշտոնակատար) - Հիվանդ ուսուցիչ չունենք հիմա, մեկ դասարանում կոնտակտավոր է եղել, դասարանի մի կեսը փակել, անցել ենք օնլայն ուսուցման: