Կյանքից անժամանակ հեռացել է Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի մշտական ներկայացուցիչ Կարապետ Քաբաբջյանը՝ հայտնում են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունից:
«Կարո Քաբաբջյանն իր նկարագրով հայի լավագույն տեսակն էր, հայրենիք-սփյուռք կամրջի իսկական մարմնացումը։ Նա իր ողջ էությամբ հայրենիքով ապրող մարդ է եղել, իսկ 1999 թվականին ԱՀ նախագահի հրամանագրով Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի մշտական ներկայացուցիչ նշանակվելուց հետո, արդեն իսկ ի պաշտոնե, իր ողջ մտավոր ու գաղափարական ներուժը ներդրել է Արցախի զարգացման, ուժեղացման, հայրենիք-սփյուռք կապի ամրապնդման գործում։
ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչության անունից մխիթարանքի խոսքերս եմ հղում Կարո Քաբաբջյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին»,- ցավակցական իր խոսքում գրել է Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը: